News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռեւս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-Իտալիայի Նեապոլ քաղաքում խաչքարի բացման եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,

Ձերդ Վսեմափայլություն Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպե,

Մեծարգո՛ քաղաքապետ Մաջիստրիս,

Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ հայ ժողովրդի պատմության հետ բազմաթիվ թելերով կապված այս հիասքանչ քաղաքում՝ Նեապոլում, շրջապատված ձեր հարգարժան ներկայությամբ:

Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը եւ որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ եւ իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաեւ սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի։

Առհասարակ խոսուն է այն փաստը, որ հայերը եկեղեցաշինությամբ են զբաղվել ոչ միայն իրենց Հայրենիքում, այլեւ այն բոլոր վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են: Դեռեւս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Շատ հուզիչ է, որ անգամ իտալական այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Մատեռան է, նույնպես վեր է խոյանում մի գողտրիկ հայկական եկեղեցի:

Րոպեներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում եւ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, եւ հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարեւոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջեւանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը: Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանին Իտալիայի եւ կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է: Վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ եւ աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին:

Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, շարունակաբար ջանում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին, եւ դրա դրսեւորումներից է նաեւ այս վանական համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի վերանորոգումը:

Հարգարժա՛ն ներկաներ,

Յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու եւ պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլեւ նմանօրինակ հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երեւանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան եւ Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Վերադառնալով այսօրվա միջոցառումներին՝ շնորհակալություն եմ հայտնում դրանց կայացման գործում ձեր համակողմանի աջակցության համար: Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեեւ հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից։ Հատկանշական է, որ հենց Նեապոլի սրտում գտնվող Սան Գրեգորիո Արմենո փողոցի վրա են կազմակերպվում Իտալիայում ամենահայտնի սուրբծննդյան տեսարանների ցուցադրությունն ու տոնավաճառը, որն այդ օրերին վերածվում է քրիստոնյաների յուրօրինակ հավաքատեղիի:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ պետք է համատեղ աշխատենք, որպեսզի մեր մշակութային կապերը համալրենք համագործակցության այլ ուղղություններով՝ օրինակ զբոսաշրջության ոլորտի ծրագրերով, հատկապես որ Իտալիան հայ զբոսաշրջիկների այցելության առաջնային ուղղություններից է: Այս հարցում մենք պետք է հետեւենք Նեապոլի մեծ զավակ եւ աշխարհահռչակ գիտնական Ջորդանո Բրունոյի խորհրդին. «Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ