Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուս» հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում կանխատեսումներ արաց Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչ խաղերի վերաբերյալ:
«Ես որպես «Յուվենթուսի» երկրպագու, իհարկե, պիտի հուսամ, որ «Յուվեն» անցնի եզրափակիչ, բայց քանի որ մարդ եմ, ով աշխատում է աշխարհին նայել իրատեսորեն, պետք է խոստովանեմ, որ «Ռեալի» հնարավորություններն ավելի մեծ են: Բայց, եթե «Յուվենթուսը» խաղար «Բավարիայի» կամ «Բարսելոնայի» դեմ, ապա հնարավորություններ չէր ունենա ընդհանրապես, իսկ այժմ ունի: Այսօր նրանց համար ամենից կարեւոր խաղն է: Եթե տանը լավ հանդես գան, ապա պատասխան խաղից առաջ հնարավորություններ կունենան, հակառակ դեպքում՝ ոչ:
Ինչ վերաբրեում է «Բավարիա» - «Բարսելոնա» զույգին, ապա այստեղ հնարավորությունները գրեթե հավասար են: «Բարսելոնան» չունի այն վնասվածքները, որն ունի «Բավարիան», բացի այդ «Բարսելոնայի» այսօրվա խաղում ՝ Մեսսիի, Սուարեսի եւ Նեյմարի, կա գեղեցիկ հմայք: Իսկ «Բավարիան» ունի առավելություն մարզչական աշխատանքի տեսանկյունից: Այդ պատճառով այստեղ հավասարություն է:
Եզրափակիչն ամեն ձեւ էլ կարող է դասավորվել: «Ռեալն» առաջին զույգի ֆավորիտն է, «Բարսելոնան» մի փոքր առավելություն ունի երկրորդում, բայց ամեն բան կարող է պատահել»- ասաց Առուստամյանը: