News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շարունակում էնյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում:

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորականմարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չենկորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 103-ամյա Մարիամ Մեյմարյանն է:

Հին փայտյա պատուհանի ծուռ շրջանակով ապակու միջից հեշտորեն նշմարվում է Մարիամ տատի փափուկ դեմքը։ Խոր կնճիռներով խորշոմված դեմքը պատված է լուսավոր թախիծով։

Սպիտակ գլխաշորի տակ կոկիկ հավաքված ճերմակ արծաթափայլ մազերը, կիսամանկական խորաթափանց հայացքը, այդ ամենով հանդերձ նա գեղեցիկ է իր ծերության մեջ։

-Նե՛րս անցեք,- տուն է հրավիրում  մեզ Նվարդը՝ Մարիամ տատիկի դուստրը,- ես սուրճ կեփեմ, մինչ դուք նստեք։

Մարիամ տատը մնաց պատուհանի մոտ նստած եւ թվում է՝ մեզ չի նկատում։ Նա առանց շտապելու մատներով խաղում է ծնկներին դրված հնամաշ գրքի դեղնած էջերի հետ եւ մտածում է միայն իրեն հայտնի բաների մասին։

- Ի՞նչ գիրք է դա,- զգուշորեն դիմում եմ Նվարդին։

- Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է,- առանց ինձ նայելու ասաց նա եւ կրակի վրայից վերցրեց սրճեփը։ Բուրավետ սուրճի հոտը տարածվում է սենյակում:

-Նարեկացու «Մատյան ողբերգությանը» եւ հին Ավետարանը միակ բանն է, որ մորս մոտ մնացել է Կեսարիայում ապրած տարիներից,- կողքի աթոռին նստելով սկսում է պատմել Նվարդը:

Մարիամ Մեյմարյանը ծնվել է 1912թ. Տիգրանի ու Իսկուհու ընտանիքում։ Վարդաթուշիկ եւ ձյունի պես ճերմակ մաշկով՝ նա կենսուրախ ու ժպտերես երեխա էր։ Հայրը հաճախ էր նրան կողքը նստեցնում եւ «Մատյան ողբերգությանից» հատվածներ կարդում՝ լուսանցքում  նշումներ անելով։

1915թ. մայրն ու մորաքույր Մարիամը, վերցնելով երեխաներին, մեկնեցին Ադանա։

-Նրանք գնացել էին գործարանում աշխատելու, - մոր խոսքերն է պատմում Նվարդը։- Մի օր վերադառնալով Կեսարիա՝ նրանք տեսան, որ իրենց տունը թալանել են։

Շուտով Մեյմարյան ընտանիքը լսում է երկրում հայրենակիցների ջարդերի մասին տագնապալի լուրերը։ Նրանք անգամ պատկերացնել չէին կարող, որ մի օր իրենց ընտանիքը բախվելու է նման անասելի դաժանության, որին ունակ է միայն մարդը։

1918թ. հալածանքներից փրկվելով ՝ Իսկուհին փախչում է Հունաստան։ Նրա ամուսնու ընտանիքը գնդակահարվել էր թուրք ոստիկանների կողմից։

Թափառումի ճանապարհներին Իսկուհին հոգ էր տանում ոչ միայն Մարիամի, այլ եռյակ դուստրերի մասին։

Այն ժամանակ կենդանի մնացած հայերից շատերը ստիպված էին լինում ճանապարհին թողնել իրենց երեխաներին, քանի որ ի վիճակի չէին ո՛չ իրենց հետ տանել, ո՛չ էլ կերակրել նրանց։ Երբեմն նրանց լացն ու ճիչը իրենց վրա էին հրավիրում թուրք ձիավորների ուշադրությունը, որոնց ուղարկում էին փախած հայերի հետեւից։

-Ճանապարհին տատիկս հաճախ էր ուշագնաց լինում։ Մի անգամ նա, ուշքի գալով, նկատում է, որ եռյակ աղջիկները չկան,- լռում է Նվարդը։

-Նրանց գտան թուրքե՞րը։

-Ոչ ոք չգիտի։ Ասում են, թե նրանց գողացել էին ճանապարհով անցնող արաբները։

Աղջիկների կորուստը չսպիացող վերք մնաց Իսկուհու սրտում։ Մինչ կյանքի վերջին օրերը նա մեղադրում էր իրեն, որ չկարողացավ պահպանել նորածիններին։

1940-ական թթ. Մարիամը ամուսնանում է։ Երիտասարդ ընտանիքում շուտով մեկը մյուսի հետեւից ծնվում են 3 դուստր եւ մեկ որդի։ 1947թ. Մեծ հայրենադարձության տարիներին, Մեյմարյանները տեղափոխվում են Հայաստան։

Երեւանում Մարիամը գորգագործությամբ էր զբաղվում։ Այդ արհեստը նա մորից էր սովորել։

-Տատիկս ոսկե ձեռքեր ուներ։ Ինչ անում էր, ամեն ինչ ստացվում էր,- ավարտում է պատմությունը Նվարդը։

Այսօր ծեր մոր խնամքն ամբողջովին ընկած է նրա ուսերին։ Նրա խոսքով՝ Մարիամ տատը հազվադեպ է տնից դուրս գալիս ոտքերի խնդիրների պատճառով, իսկ տեղաշարժվելու համար հատուկ սարքից է օգտվում։ Հաճախ նա  լուռ նստում է սենյակի մի անկյունում եւ պատուհանից դուրս նայում, հավանաբար մտածելով այնպիսի բաների մասին, որոնք մենք 100 տարի անց դժվարանում ենք անգամ պատկերացնել։

Անի Աֆյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛

100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան
100 տարի զղջման սպասումով. Արեւալույս Ամալյան
100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան
100 տարի զղջման սպասումով.Ահարոն Մանուկյան
100 տարի զղջման սպասումով. Սութե Քոչարյանն
100 տարի զղջման սպասումով. Նեկտար Ալատուզյան
100 տարի զղջման սպասումով. Սիլվարդ Ատաջյան  
100 տարվա զղջման սպասումով. Անդրանիկ Մաթեւոսյան 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ