News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի մայրաքաղաքն ակնհայտորեն աղքատ է գետերից: Միայն բոլորին հայտնի Հրազդանը, ինչպես նաեւ փոքրիկ Գետառը: Ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից: Սակայն արտաքինից խաղաղ հոսող վտակն իր մեջ պոտենցիալ վտանգներ է թաքցնում: Ժամանակին Գետառն ուժեղ սելավների պատճառ է դարձել: Ամենից հզորը 1946 թվականին էր, երբ քաղաքի կենտրոնը բառացիորեն ողողվել էր կեղտով: Արդյոք երաշխիք կա՞, որ դա չի կրկնվի:

Գետառի ակունքներում ներկայում հիդրոտեխնիկական շինություններ կան, որոնք պետք է Երեւանը պաշտպանեն նման ջրհեղեղներից: Սակայն, հաշվի առնելով կապիտալ շինարարության տեղական առանձնահատկությունները, անկախ քեզանից կասկածում ես, որ դրանք կդիմանան արտակարգ պայմաններում:

Մայրաքաղաքի որոշ հատվածներում Գետառը փակել են, եւ միայն երեւանցիները գիտեն, որ այստեղ՝ ասֆալտի եւ բետոնի հաստ շերտի տակ, գետ է հոսում: Ի դեպ, գետի հունի փակումը հանգեցրեց նրան, որ այդ վայրերում անձրեւից հետո ջրերն արդեն հոսում են ոչ թե գետ, այլ կուտակվում են՝ երթեւեկելի հատվածներում եւ ստորգետնյա անցումներով հսկայական ջրափոսեր առաջացնելով:

Գետառը մեր մայրաքաղաքի տարածքի բաղկացուցիչ մասն է եւ դրա բնապահպանական խնդիրներից մեկը: Որոշ հատվածների փակումը թույլ տվեց մասամբ անցորդների աչքերից թաքցնել գետի իրական վիճակը: Սակայն Գետառի բաց մասերում ամենուր աղբի կույտեր են երեւում: Կենցաղային աղբի եւ շինարարական թափոնների ինքնատիպ աղբավայր, որն ապշեցնում է քաղաքակիրթ երկրներից ժամանած օտարներին:

Անվերահսկելիորեն գետի մեջ են հոսում կենցաղային թափոնները՝ այդպիսով թունավորելով այն, ինչ մնացել է գետից, եւ շուրջբոլորը գարշահոտ տարածելով: Գետառն ամբողջությամբ բետոնապատե՞լ: Եվ այդպիսով Երեւանն ավելի մոտեցնել դասական քարե ջունգլիների՞ն: Սակայն նման որոշումը, բացի մայրաքաղաքի սովորական կերպարի աղճատումից, կարող է նաեւ բնապահպանական այլ խնդիրների հանգեցնել:

Փակված գետում, փորձագետների կարծիքով, ինքնամաքրման գործընթացը բավական դանդաղում է: Այնպես որ՝ ավելի ճիշտ կլինի պարբերաբար Գետառը մաքրել աղբից, միաժամանակ նաեւ վերահսկել գետն աղտոտող կոյուղաջրերի հոսքը: Բայց, ըստ ամենայնի, «չնչին» գետակի բնապահպանական խնդիրները պաշտոնյաներին չեն հետաքրքրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ