News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բանտում մահացել է լրագրող, «Թոլշի Սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ 68-ամյա Մամադովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Նա, մասնավորապես, մեղադրվում էր Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Խմբագրին մեղադրանք էր ներկայացվել նաեւ ազգային, ռասայական, կրոնական թշնամանք սերմանելու համար։

Մամադովը նաեւ թալիշների մշակութային կենտրոնի ղեկավարն էր, ղեկավարել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության բաժինը։ Նովրուզալի Մամադովը ձերբակալվել էր 2007-ի փետրվարին։ Անցյալ տարի դատարանը 68-ամյա Նովրուզալի Մամադովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։

Ազատազրկման մեջ Մամեդովը տառապում էր մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ սրտային։ Հուլիսի 28-ին խմբագրին տեղափոխել էին մեկուսարանի հիվանդանոց։

2009թ. ապրիլին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելը (Էստոնիա) ու Եվգենիա Ջիվկովան (Բուլղարիա) այցելել էին Ադրբեջան եւ մեկուսարանում հանդիպել էին նաեւ Նովրուզալի Մամադովին։ Միջազգային կազմակերպությունները բազմիցս Ադրբեջանի իշխանություններին հորդորել են ազատ արձակել ծանր հիվանդություններով տառապող մարդուն։

Ադրբեջանի իրավապաշտպանների պնդմամբ՝ Մամադովի դեմ գործը սարքված էր, իսկ Մամադովը՝ քաղբանտարկյալ էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ