Թուրքիայում սպանված Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանի ծնողները երեկ` օգոստոսի 8-ի երեկոյան վերադարձել են Հայաստան: Ծնունդով չարենցավանցի 29-ամյա Աննա Դավթյանը, հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 17-ին, անհետ կորել էր: Դստերը գտնելու նպատակով, Թուրքիա էին մեկնել Աննայի ծնողները: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը: Վեց ամսական հղի կնոջ դիակը, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, գտել են ջրանցքից:
Սպանված կնոջ հարեւանները պատմում են, որ Աննայի ծնողները ծանր հոգեկան վիճակում են, իսկ մայրը՝ տիկին Կարինեն, հույս ունի, որ հայտնաբերված դիակը, այնուամենայնիվ իր դստերը չէ, քանի որ դեմքն անճանաչելիորեն այլանդակված է: Այժմ ընթանում է ԴՆԹ-ի փորձաքննություն, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ երկու ամսից: (Աննայի մայրն, ի դեպ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Չարենցավանի բաժնում աշխատում է որպես իրավաբան): Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում՝ դիակը վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հայուհու կորած լինելու մասին առաջինը հայտնել էր թուրքական Sabah օրաթերթը: Ըստ լուրերի՝ Աննան նախ մեկնել էր Դուբայ, այնուհետեւ` Թուրքիայի Անթալիա քաղաք՝ ընկերոջ մոտ:



























