«Որդան կարմիր» ռոք խումբը հունիսի 25-ի երեկոյան համերգ ունեցավ Բաղրամյան պողոտայում արդեն 4-րդ օրը էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկման պահաջով նստացույց անող ցուցարարների համար:
«Էս Որդան կարմիրի համերգը չի, էս ռոք համերգ չի, էս պահանջ ա: Մենք ձեր մեջ ենք, ձեր կողքին մեր պահանջն ասելու, որ էս տեսախցիկները տեսնեն, լսեն՝ ինչքան մարդ կա ստեղ»,- ոգեւորված ցուցարարներին դիմեց ռոք խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը:
Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է:
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: