News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման եւ սպասարկման գործում հայրենական արտադրողների եւ օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:

Շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով եւ եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ի նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին եւ միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձեւաչափով, ինչի շնորհիվ հայկական արտադրական եւ առեւտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաեւ շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան: Ժամանակակից մրցունակ բիզնեսի եւ տարածաշրջանային նշանակության յուրահատուկ ներդրումային այս նախագիծը, ըստ նրանց, հաջող օրինակ է, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսական գրավչության վրա՝ նպաստելով Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը:

Լոգիստիկ կենտրոնի բացումը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին կրճատել ծախսերը՝ սեփական միջոցներն ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական եւ առեւտրային ենթակառուցվածքներ:

Ընկերության ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական եւ միջազգային ընկերությունների՝ բեռների պահատվության, պահեստային մշակման բոլոր տեսակների, փաթեթավորման, հասցեներով առաքման եւ մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ