News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը պետք է Ռուսաստանի նկատմամբ «սառը պատերազմի» նման զսպող քաղաքականություն վարի: «New Eastern Europe»-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի դիվանագետ, գործարար, Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսխան Ջոն Քորնբլյումը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է նկատի ունեցել՝ պնդելով, որ Եվրոպան պետք է այլ նարատիվ գտնի, որն ավելի պարզ կդարձնի Վլադիմիր Պուտինի մարտահրավերը, դիվանագետն ասել է. «Բոլոր խոշոր իրադարձությունները որոշվում են պատմության, նարատիվի հիման վրա, որը ցույց է տալիս, թե ինչ է իրականում տեղի ունենում: Ուկրաինայում մենք պարտվեցինք նարատիվի հարցում: Ռուսաստանը բավական հմտորեն առասպել ստեղծեց, որ Արեւմուտքը բավական ագրեսիվ էր «սառը պատերազմի» ավարտից հետո, որ մենք պետք է հասկանայինք Ռուսաստանի զգայնությունը եւ նրան մարսելու ժամանակ տայինք: Եվ որ Պուտինի ագրեսիան Արեւմուտքի տակտիկային արդարացի արձագանք էր: Ռուսները հաջողության հասան, քանի որ Արեւմուտքում շատերը նախ սխալ հասկացան, թե իրականում ինչ խնդիր կարող է լինել Ռուսաստանի հետ: Այդ խումբը պնդում էր, որ մենք պետք է հրաժարվենք ՆԱՏՕ-ից եւ Ռուսաստանի հետ «փոխադարձ անվտանգության» նոր համակարգ ստեղծենք: Նրանք կարծում էին, որ մենք սպառնում ենք Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ն հասցնելով գրեթե նրա սահմաններին»:

Դիվանագետը կարծում է, որ Պուտինը Ռուսաստանը ներկայացնում է կայսերական կերպարով: «Դա նշանակում է, որ Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանն ու Ղազախստանը պետք է փոխանցվեն Ռուսաստանի վերահսկողությանը՝ վերականգնելով Խորհրդային Միության զգալի մասը: Այն ինչ-որ առումով զիջեց Բալթյան երկրների մասով, բայց ժամանակավոր: Սակայն մյուս երկրների մասով Ռուսաստանը ցանկանում է, որ լինեն իր ազդեցության ոլորտում եւ վերջ»,- նշել է նախկին դեսպանը:

Հարցին, ինչպե՞ս պետք է Արեւմուտքը հաղթի նարատիվի հարցում եւ այնպես անի, որպեսզի Եվրամիությունը միասնական մնա, Ջոն Քորնբլյումը պատասխանել է, որ հարկավոր է հրաժարվել փոխադարձ անվտանգության ջանքերից, փոխարենը ակտիվորեն առաջ մղել քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական արժեքների մասին սեփական տեսակետը:

Հարցին էլ, թե Արեւմուտքն ինչպես պետք է վարվի Ռուսաստանի հետ, դիվանագետը պատասխանել է. «Ես բազմաթիվ տարիներ գործ եմ ունեցել Խորհրդային Միության եւ ռուսների հետ: Իմ փորձից ելնելով՝ ավելի հաջողակ ես, երբ հաստատակամ ես քո համոզմունքներում եւ հստակ կերպով հասկացնում են քո նպատակների մասին: Նրանք խելամտությունը որպես կապիտուլյացիա են ընկալում: Դա որպես կարծրատիպ է հնչում, գիտեմ, բայց դա իսկապես աշխատում է: Միաժամանակ, մենք հիմա առճակատման իրավիճակում ենք, եւ ճիշտ ռազմավարություն ընդունելը բարդ է լինելու»:

Նկատառմանը, որ ներկայում այս ամենը թեժ պատերազմի է նմանվում, Քորնբլյումը պատասխանել է. «Դա թեժ պատերազմ է: Իրականում նրանք կրակում են միմյանց ուղղությամբ: Պետք է լավ դիվանագիտություն ունենալ՝ դա նկատելու համար: Վստահ չեմ, որ մինչեւ հիմա լավ դիվանագիտություն եմ տեսել, բայց դուք պետք է պահպանեք ճնշումը»:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ