News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ Թուրքիայում ընթացող զարգացումների մասին:

Թուրքիայում, որոշ վերլուծաբանների կարծիքով` պատերազմ է: Սուրուչում տեղի ունեցած արյունահեղությունից հետո, Անկարան ռազմական գործողություններ  է սկսել քրդերի դեմ, որը տարածվում է ոչ միայն իր տարածքի քրդական հատվածի, այլեւ հարեւան պետություններում` Սիրիայում եւ Իրաքում բնակվող նրանց հայրենակիցների վրա: Ինչո՞վ  են պայմանավորված դեպքերի նման զարգացումները եւ ի՞նչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ Մեծ Մերձավոր Արեւելքի քաղաքական իրավիճակի վրա:

Հարցն իր մեջ պարունակում է երկու պատասխան`  կապված Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության հետ: Խորհրդային Միության փլուզման հետեւանքով առաջացած միաբեւեռ աշխարհակարգի պայմաններում Օսմանյան կայսրության ռեիկարնացիայի անհաջող փորձերը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ արաբական աշխարհի լիդեր դառնալու ամբիցիոզ ծրագրերի տապալումը խորապես ֆրուստրացրեցին  նյուօսմանյան դոկտրինայի հեղինակներին: Թուրքիան ոչ միայն ձախողվեց Սիրիայի վարչակարգի տապալման, Եգիպտոսի, Իսրայելի մյուս հարեւանների հետ իր հարաբերություններում, այլեւ որպես ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի ֆորպոստ, սկսեց թուլացնել իր դիրքերը, որում որոշակի դեր են խաղում Վաշինգտոնի հետ, մեղմ ասած, զուսպ հարաբերությունները: Սակայն արտաքին քաղաքականության գետնի վրա Թուրքիային ամենաանհանգստացնողն Իրանի տարածաշրջանային գերտերություն դառնալու եւ Միացյալ Նահանգների համար Թուրքիային փոխարինելու ռեալ հեռանկարն է:

Իսկ ի՞նչ դեր է խաղում Իսլամական պետությունը (ԻԼԻՊ) Թուրքիայի արտաքին քաղաքականությունում եւ ինչպե՞ս են զարգանում նրա հարաբերությունները ահաբեկիչների հետ:

Ես կասեի ոչ վատ եւ ծրագրավորված: Անկարան աշխարհի առջեւ հանդես է գալիս իբր ԻԼԻՊ-ի դեմ պայքարող պետություն, սակայն իրականում նա քիչ ջանք ու եռանդ չի խնայում Իսլամական պետության կայացման եւ հզորացման համար: Նրա տարածքից են ահաբեկիչները սնվում ռազմատեխնիկական, նյութական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների առումով: Թուրքիայի հարավում գործում են ահաբեկիչների ճամբարները նրանց մարզումների, հանգստի եւ բուժման համար:

Սակայն, հավանաբար, Թուրքիան դրանից ունի նաեւ իր օգուտները, այդպես չէ՞:

Իհարկե ունի: ԻԼԻՊ-ի Իրաքում հափշտակած նավթը, ինչպես նաեւ արվեստի արժեքները արտասահման են արտահանվում Թուրքիայի միջոցով եւ իրացվում տարբեր երկրներում: Գողացված նավթի մեկ բարելի դեմպինգային գինը տատանվում է 20-25 դոլարի սահմաններում:

Բայց չէ՞ որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է, իսկ Վաշինգտոնը գլխավորում է կոալիցիոն ուժերի պայքարն ԻԼԻՊ-ի դեմ: Ինչպե՞ս է դա կոչվում դիվանագիտության մեջ:

Դա տարբեր կերպ են կոչում, բայց հաճախ` «կրկնակի հաշվապահություն»: Այստեղ եւ՛Վաշինգտոնի, եւ՛Անկարայի կողմից կրկնակի խաղ է գնում: ԱՄՆ-ին միայն վերջերս հաջողվեց համոզել Անկարային, որպեսզի նա թույլատրի կոալիցիոն ուժերին օգտագործելու Ինջիրլիքի ռազմաօդային բազան ԻԼԻՊ-ի դեմ օդային ռեյդեր կազմակերպելու համար: Սակայն թուրքերը թուրքեր չէին լինի, եթե առիթը բաց թողնեին ու քեռի «Սեմից» մի բան չպոկեին: Նրանք պայման դրեցին, որ այդ թույլտվության դիմաց ամերիկացիները թուրքերին «հանձնեն» Հյուսիսային Սիրիայի 50 կիլոմետրանոց բուֆերային գոտին, որն, ի դեպ, խիտ բնակեցված է հայերով եւ սիրիական քրդերով:

Դուք սկզբում նշեցիք, որ թուրքական իրադարձություններում մեծ է ներքաղաքական գործոնի դերը:Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ասել, թե ինչը նկատի ունեք:

Ես նկատի ունեմ քրդական բաղադրյալը, որն առաջնային նշանակություն ունի Թուրքիայի ապագայի համար: Թեեւ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ քրդական հարց գոյություն չունի, հատկապես ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի կողմից արված այն հայտարարության կապակցությամբ, թե նրա գլխավորած Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) դադարում է իշխանությունների դեմ պայքարել, սակայն քրդական հարցը կա եւ մնում է ներկա Թուրքիայի համար 1 խնդիրը, որն ավելի սրվեց վերջերս տեղի ունեցած ընտրություններից եւ պառլամենտում քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ստացած 80 մանդատից հետո: Իսկ Սուրուչի ահաբեկչությունը, ես չեմ բացառում, որ կազմակերպված լինի թուրքական հատուկ ծառայությունների կողմից, քրդերի դեմ զանգվածային գործողություններ սկսելու նպատակով, երկրի ներսում  եւ նրա սահմաններից անդին: Այսօր, ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ծխածածկույթի տակ, թուրքական F-1 ինքնաթիռներն ակտիվորեն ռմբակոծում են Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզը, որտեղ տեղակայված են ԻԼԻՊ-ի դեմ կռվող Մասուդ Բարզանիի ջոկատները:

Որքանո՞վ են իրատեսական քրդական պետության ստեղծման կանխատեսումները:

Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք զարգացումների այն բուռն դինամիկան, որն այսօր հատուկ է միջազգային հարաբերություններին:

Քրդական շարժման հարցում հետաքրքիր է Միացյալ Նահանգների բռնած գիծը: Նրանք սերտորեն համագործակցում են Իրաքի քրդերի հետ, ինչը վերջին հաշվով, կարող է նպաստել քրդական պետության կազմավորման գործին: Այնպես որ գուշակելի ապագայում, իմ կարծիքով, բացառված չէ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի բարեկամ եւ դրածո քրդական պետության առաջացումը, որը Վաշինգտոնի ձեռքին կարող է դառնալ նաեւ զսպաշապիկ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական նկրտումների չափավորման համար:

Իսկ Ռուսաստանը կմասնակցի՞այդ զարգացումներին:

Ռուսաստանն` ունենալով նախկինում ավելի սերտ հարաբերություններ քրդական շարժման հետ, քան ԱՄՆ-ը, ներկայումս ձեռնպահ է մնում նրա հետ հարաբերությունների զարգացումից: Դա բացատրվում է ուկրաինական թնջուկում Ռուսաստանի խճճվածությամբ եւ Արեւմուտքի հետ լրացուցիչ առճակատումից խուսափելու նրա ցանկությամբ: Թե ինչպիսին կլինեն դեպքերի զարգացումները, ցույց կտա ժամանակը:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը քրդական շարժման հարցում: ԱԳՆ-ն պետք է հանդես գա լուռ դիտորդի դերո՞ւմ, թե՞ նա խնդիրներ ունի լուծելու, հատկապես նկատի ունենալով դեպքերի զարգացումը եւ հայկական շահերի պաշտպանությունը թուրք-քրդական հարաբերությունների զարգացման դինամիկայում:

Նախ, մենք պետք է մեկնակետ ընդունենք Սեւրի պայմանագրի 62, 63, 64 կետերը որպես հայերին եւ քրդերին «միավորող իրավական փաստաթուղթ, որտեղ հստակ  գրված է ու գծված, որ Հայաստանից հարավ ընկած է  Քուրդիստանը, որն ունի իր հստակ սահմանները»:

Եթե մենք ենթադրելու լինենք, որ Մեծ Քուրդիստանի կազմավորման հարցը ուտոպիա չէ եւ գուշակելի ապագայում քարտեզի վրա կարող է հայտնվել 40 միլիոնանոց տերություն, ապա հիմիկվանից հարկ է բանակցել քրդերի հետ հայ-քրդական ավտոնոմ հանրապետություն (կոնդոմինիում) ստեղծելու ուղղությամբ:

Միամտություն կլիներ կարծել, որ եթե Մեծ Քուրդիստանը կայանա, ապա քրդերը հիշեն հայկական կորցված հողերը, որում նրանց դերակատարությունն ամենեւին էլ վերջինը չի եղել: Իսկ եթե Թուրքիան երբեւիցե կանգնելու լինի տարածքային զիջումների անխուսափելիության առջեւ, ապա անպայմանորեն նախապատվությունը կտա Հայաստանին, այլ ոչ թե քրդերին` նկատի ունենալով վերջիններիս բազմաքանակությունը, ագրեսիվությունը եւ քաղաքական ախորժակները:

Հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի հայ-թուրք-քուրդ եռանկյունում ճիշտ եւ հմուտ մանեւրելը: Պարադոքսալ կարող է հնչել, սակայն սա, ըստ երեւույթին, այն հազվագյուտ դեպքն է, երբ Հայաստանի եւ Թուրքիայի շահերը կարող են համընկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ