NEWS.am-ը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագիծը: Փաստաթուղթը ստորագրվելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ օգոստոսի 19-22-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում.

Նախագիծ

Արձանագրություն N5

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, որոնք այսուհետ կկոչվեն Կողմեր,

առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 26-րդ հոդվածով,

ուշադրության առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հոդված 1

Պայմանագրի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3

Ռուսաստանյան ռազմակայանը իրականացնում է Կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող խնդիրներ:

Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Նշված նպատակներին հասնելու համար Ռուսական Կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում:

Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումը իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրա եւ Կողմերի օրենսդրությանը համապատասխան»:

Հոդված 2

Պայմանագրի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26

Սույն Պայմանագիրը գործում է քառասունինը տարի ժամկետով եւ ավտոմատ կերպով երկարացվում է հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից որեւէ մեկը սույն Պայմանագրի հերթական ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Պայմանագրի դրույթները կարող են վերանայվել Կողմերից մեկի նախաձեռնությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ»:

Հոդված 3

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման եւ ուժի մեջ է մտնում դրա վավերագրերի փոխանակման օրվանից»: