Նախագահը տեղյակ է Air Armenia ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպից, համապատասխան մարմինները հետեւողական են լինելու, որպեսզի հարցը լուծվի օրենքի շրջանակում: Այս մասին օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին հարցին:
Նրա խոսքով, դա բացասական երեւույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե ում անվան հետ է կապված: «Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար են վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ իմ մերձավորը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Air Armenia ընկերության ծեծված սեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտարարել էր, որ իր ամուսնուն ծեծել են ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Ավետիսյանին ծեծի են ենթարկել 7-8 հոգի, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: