News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թալին քաղաքից ոչ հեռու մի գյուղ կա, որը կոչվում է Ներքին Բազմաբերդ։ Այնտեղ Ազատ պապին բոլորը գիտեն ու սիրում են։ Այդ պատճառով էլ նրա տունը դժվար չէր գտնել։ Դարպասը կիսաբաց էր, եւ մենք, մի փոքր հապաղելով, ներս մտանք։ Տան բակում անհոգ շրջում էին աքաղաղները, իսկ շեկ կատուն, թաթերը տակը ծալած, խաղաղ տաքանում էր արեւի տակ:

- Նե՛րս համեցեք, նե՛րս համեցեք,- մեզ ընդառաջ է գալիս տան տիկինը՝ Սոսեն:
- Մենք առանց հրավերի ենք եկել,- սկսում եմ ներողություն խնդրել ես, եւ ինձ պատասխանում են, որ գյուղի այս տուն կարելի է հյուր գալ առանց հրավերի։ Այստեղ միշտ բոլորը միմյանց սպասում են։ Ազատ պապը պառկած էր անկողնում, բայց իմանալով մեր այցելության մասին՝ նստեց տեղում եւ կանչեց մեզ իր մոտ:
- Ուրախ եմ ծանոթանալու համար,- ասում է նա եւ ձեռքս սեղմելով՝ հպում այտին,- ինչ էլ մատղաշ է,- ժպտում է նա, եւ նրա բացակայող հայացքից հանկարծ հասկանում եմ՝ պապը կույր է:

- Ինչպե՞ս եք հայտնվել Ներքին Բազմաբերդում,- փորձում եմ նրան խոսեցնել ես:
- Ծնողներս Սասունից են,- սկսում է նա։- Դա 1915թ. Էր:
Սասունի բնակիչները, որոնց թվում՝ Պետրոսն ու նրա կին Խանումը՝ 2 դուստրերի հետ, փախչելով թուրք հրոսակներից, լքում են իրենց տունը եւ գնում անհայտ ուղղությամբ՝ ընկնելով ու վեր կենալով, անքուն, անդադար։ Որոշ ժամանակ անց նրանք հասնում են Մուշ։ Այնտեղ քաղցից եւ կեղտից տիֆով հիվանդանում ու ծնողների ձեռքերի վրա մահանում են նրանց երկու դուստրերը։ 
Ծանր վիշտը մի փոքր մեղմանալուց հետո Խանումն ու Պետրոսը նորից ճանապարհ են ընկնում։ Ոտքով կտրելով տասնյակ կիլոմետրեր՝ նրանք հասնում են Բասեն քաղաք։ Այնտեղ էլ 1916թ. մի օր ծնվում է Ազատը:
- Ո՞վ է Ձեզ տվել այդ անունը:
- Երբ ես ծնվեցի, հայրս երեք հոգեւորականի բերեց, որպեսզի ինձ համար անուն ընտրեն։ Ահա նրանք էլ որոշեցին ինձ Ազատ կոչել՝ հույս ունենալով, որ իմ ծնունդը նրանց կազատի տառապանքից եւ թափառումներից:

Խանում

Նույն տեղում մնալը վտանգավոր էր, եւ որոշ ժամանակ անց Թովմասյանները նորից ճանապարհ են ընկնում։ Ճանապարհին Խանումը Ազատին գլխաշորով ամուր կապել էր մեջքին, որպեսզի նրա լացի ձայնը չլսվի:
- Մի օր, երբ մայրս ինձ բացեց, կարծեց, թե մահացել եմ:

Ազատը կապտած էր, եւ թվում էր, թե չի շնչում։ Հանկարծ Խանումը նկատում է, որ նրա քթից փոքր որդեր են դուրս գալիս։ Տեսածից սարսափած՝ նա այնքան ուժեղ էր սեղմել նորածնի քիթը, որ կոտրել էր։ Ազատը ցավից արթնացել էր եւ սկսել էր բարձրաձայն լացել:
- Հավանաբար ճանապարհի փոշին լցվել էր քիթս, եւ այնտեղ որդեր էին հայտնվել,- ասում է պապը՝ ցույց տալով ինձ կոտրվածի տեղը,- տեսնու՞մ ես, ինչ ծուռ քիթ ունեմ:

Թովմասյանների հաջորդ օթեւանը Ջուղա քաղաքն էր։ Այնտեղից նրանք հասնում են մինչեւ Մեղրի, Կապան եւ կանգ առնում Գորիսում։ Մեկուկես տարի ապրելով այնտեղ՝ տեղափոխվում են Ուջան, իսկ հետո՝ Ներքին Բազմաբերդ։ Այստեղ էլ նրանք հիմնավորվում են:
Անցյալում էր մնացել տագնապի, թափառումների եւ կորուստների 6 տարի։ Նոր վայրում Խանումն ու Պետրոսը ունենում են եւս մեկ որդի՝ Անուշավանը, եւ մեկ դուստր՝ Ատլասը:

Ատլաս

1930-ական թթ. սկսվում է գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը։ Ներքին Բազմաբերդը սկսում է աստիճանաբար զարգանալ։ 1938թ. Ազատն արդեն կոմունիստական կուսակցության անդամ էր, իսկ 2 տարուց էլ նրան ուսուցիչ են նշանակում։ Թվում էր՝ կյանքը կարգավորվում է։ Սակայն առջեւում եւս մի փորձություն էր սպասում:
1941թ. հունիսի 22-ին Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա։ Ազատը բանակ է զորակոչվում։ 


-Սկզբում ես Լենինականում էի ծառայում, այնտեղից տեղափոխեցին Նախիջեւան, հետո էլ Իրան՝ Ջուղայի կամուրջը պաշտպանելու։ Ձմեռը ես արդեն Վրաստանում անցկացրեցի։ 
Ոտքով հենց Վրաստան է ճանապարհ ընկնում Պետրոսը, որպեսզի տեսնի որդուն։ Սակայն նրանց հանդիպումն այդպես էլ չի կայանում. թույլ չեն տալիս։ Ճանապարհին Պետրոսը ծանր հիվանդանում է եւ շուտով մահանում:

Ազատ

Մարտին Ազատին տեղափոխում են Նովոռոսիյսկ, իսկ հետո Կերչ՝ Ղրիմի ազատագրմանը մասնակցելու համար։ 1942թ. մայիսի 11-ին գերմանացիները հարձակվում են նրա զինվորական մասի վրա:
- Գերմանացիները ուժով գերազանցում էին մեզ։ Մենք սկսեցին նահանջել դեպի Ազովի ծով։ Ուտելիք ու զինամթերք գրեթե չունեինք։ Մայիսի 18-ին շրջափակման մեջ հայտնվեցինք։ Երբ ես հասկացա, որ փրկության ճանապարհ չկա, թաքցրեցի կուսակցական տոմսը։ Կուսակցականներին տեղում գնդակահարում էին:


Գերի վերցրած խորհրդային զինվորներին գերմանացիները ուղարկեցին Սիմֆերոպոլ։ Այնտեղից Ժիտոմիր քաղաք՝ ռազմագերիների համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, շարունակում է Ազատ պապը, նրանց համարյա չէին կերակրում, ստիպում էին ծանր աշխատանք կատարել, իսկ երբեմն՝ նրանց դեմ էին լարում սոված շներին:

Հուլիսին գերիներին տեղափոխում են Լեհաստան եւ տեղավորում Սան գետի ճամբարում։ Այստեղ նրանց օրական 200 գ հաց էին տալիս, որը 70 տոկոսով թեփից էր բաղկացած, եւ 300 գրամ վռիկ(баланда):
- Մենք հատակին էինք քնում, ոչ լվացվելու, ոչ էլ զուգարան հնարավորություն չունեինք։ Ամեն օր տասնյակ մարդիկ էին մահանում։ Որը քաղցից, որը տիֆից, որը խոշտանգումներից։ Նրանց թվում իմ ընկերներից շատերը կային։ Հետո մեզ ստիպում էին մեջքներիս վրա տանել նրանց դիակները եւ մի տեղ հավաքել:
 

1943թ. Ազատն արդեն աշխատում էր Լվովի օդանավակայանում։ Մեկ տարի անց նրան ուղարկում են Ֆրանսիա եւ տեղակայում Դոլլեր գետի ափին։ Օգոստոսյան մի օր երկնքում ամերիկյան ռմբակոծիչներ են հայտնվում։ 
- Մեզ հսկող երիտասարդ գերմանացիները վախեցան եւ փախան՝ մեզ թողնելով առանց հսկողության։ Ես եւ իմ 12 ընկերները, օգտվելով առիթից, փախանք մոտակա անտառը։ Թե ինչ եղավ մյուսների հետ, ես արդեն չգիտեմ։ 


Ազատը ընկերների հետ մի քանի օր թաքնվում է անտառում, որտեղ հիմնականում հատապտուղներով էին սնվում։ Շուտով ամերիկացիներին հաջողվում է իրենց հսկողությունն հաստատել այդ տարածքում:
- Մենք ամերիկացիներին խնդրեցինք ընդունել մեզ։ Նրանք մեզ ուղարկեցին Մարսել։ Այնտեղ մենք նավահանգստում էինք աշխատում, բայց օրվա մեծ մասը ազատ էինք։ 1944թ. նոյեմբերի սկզբին մեզ ամերիկյան համազգեստ հագցրին եւ ուղարկեցին Տարանտո (Իտալիա):

Դեկտեմբերի սկզբին Տարանտոյի նավահանգիստ է ժամանում հսկայական մի նավ:
- Ես միշտ կհիշեմ այդ օրը։ Տախտակամած բարձրանալով՝ ես կյանքումս առաջին անգամ տեսա, թե ինչպես են ինքնաթիռները վայրէջք կատարում եւ օդ բարձրանում ջրի մակերեսից։ Ես իսկապես ապշած էի դրանից:


Լքելով Իտալիան՝ նավն ուղեւորվում է Աֆրիկա։ Մի քանի օր անց այն մտնում է Ալեքսանդրիայի նավահանգիստ։ Շուտով Ազատին տեղավորում են Կահիրեից ոչ հեռու գտնվող մի զորամասում:
- Անգլիացիները մեզ լավ էին վերաբերվում, անգամ փող տալիս, որպեսզի մենք կարողանանք խանութ գնալ։ Թույլատրում էին խմել ամեն ինչ՝ օղուց եւ կոնյակից բացի։ Մի անգամ էլ մեզ տարան եգիպտական բուրգերը տեսնելու:


1945թ. գարնանը Ազատը նորից նավ է բարձրանում։ Նրան Միջերկրական ծովով, Բոսֆորի նեղուցով, Սեւ ծովով ուղարկում են Օդեսա։ 10 օր անց Ազատն արդեն Ուրալում էր, ուր տեղափոխել էին հետ վերադարձած 40 հազար ռազմագերիներին:

- Սկսվեցին անվերջանալի հարցաքննությունները։ Դրանք ուղեկցվում էին սադրանքներով ու սպառնալիքներով։ Ոմանց արձակեցին, սակայն նրանց թիվը շատ քիչ էր, ոմանց աքսորեցին, իսկ ինձ ու մի քանի ընկերներիս ճակատ ուղարկեցին՝ կռվելու Ճապոնիայի դեմ։ Երբ մենք հասանք Խաբարովսկ, իմացանք, որ Ճապոնիան կապիտուլացվել է:

Ազատին թողեցին Խաբարովսկի երկրամասում։ Մինչեւ 1946թ. նրան տարբեր շինարարական աշխատանքների էին ուղարկում։ Դեկտեմբերին նա դիմում է ղեկավարությանը՝ խնդրելով իրեն ուղարկել տուն՝ Հայաստան:
- Ինձ նորից սկսեցին հարցաքննել։ Մեկ-երկու ժամ անց նրանցից մեկն ասաց. «Դու պետք է վերջին գնդակը պահեիր քեզ համար»: «Վերջին գնդակով ես գերմանացի սպանեցի»,- պատասխանեցի ես:

Դեկտեմբերի 22-ին Ազատին Խաբարովսկից ուղարկում են Հայաստան:
- Երբ ես տուն մտա, ինձ միայն հորեղբորս կինը ճանաչեց։ Նա բացականչեց. «Սա Ազատն է, սա նրա աչքերն են»:


Պատուհանի մոտ կանգնած Խանումը շրջվում է եւ ուշագնաց լինում։ Արդեն մի քանի տարի էր՝ Ազատին անհետ կորած էին համարում, եւ կինը կորցրել էր նրան նորից տեսնելու բոլոր հույսերը:
Դպրոցում նորից աշխատանքի անցնել Ազատը չէր կարող։ Մնալով ձեռնունայն՝ նա աստիճանաբար արհեստանոց է բացում եւ սկսում է աշխատել որպես դարբին, զոդող եւ սվաղ անող։ 

- Ես նեղված չեմ, որ պատերազմ եմ գնացել։ Ես շատ անգամ եմ մահից փրկվել, ստորացումներ տարել, սոված մնացել, հարյուրավոր անքուն գիշերներ անցկացրել։ Ամեն դեպքում չեմ նեղվում, քանի որ Հայրենիքը պաշտպանելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է։ Ես նեղված չեմ գերմանացիներից էլ, որոնք այդքան անգամներ ինձ խոշտանգել եւ վիրավորել են։ Դա հասկանալի էր. ես կռվում էի նրանց թշնամու կողմից։ Բայց ես մինչեւ հոգուս խորքը նեղացած եմ խորհրդային իշխանությունների վերաբերմունքից։ Նրանք ասացին թե ես ծախել եմ Հայրենիքս, ինձ վրա դավաճանի խարան դրեցին եւ ուղարկեցին մեռնելու։ Ինչի՞ համար։ Ես միշտ հավատարիմ եմ եղել պետությանը, որին ծառայել եմ:

1954թ. հունվարի 8-ին Ազատն ամուսնանում է Սոսեի հետ։ Այսօր՝ ավելի քան 50 տարվա համատեղ կյանքից հետո, Սոսեն նրան նայում է ջերմությամբ եւ երախտագիտությամբ:
- Իմ Ազատն ինձ լավ է նայել։ Ե՛վ նվերներ է տվել, ե՛ւ սանատորիա է ուղարկել, ես երբեք ոչ մի բանի պակաս չեմ ունեցել։ Դուք նրան սենց մի՛ նայեք։ Հիմա նրա վրա առողջ տեղ չկա,- ասում է նա:
- Տատի,՛ պապիկին գրկի՛ր, նկարեմ,- միջամտում է Արսենը:
- Վա՜յ, ամոթ է, համ էլ արդեն սիրուն չեմ,- ամաչում Սոսեն՝ ուղղելով գլխաշորը:

Վերադառնալով իր կյանքի պատմությանը՝ Ազատն հիշում է, որ ամեն վաղ առավոտյան իր մայր Խանումը կանգնում էր պատշգամբում եւ նայելով Արարատի կողմը՝ խաչակնքում:
- Նա չէր ուզում համակերպվել կատարվածի հետ։ Այդ պատճառով էլ նայում էր այն կողմը, որտեղից մենք եկել էինք եւ հույս ուներ, որ վաղ թե ուշ, կվերադառնա իր տունը։ Այդպես էլ մահացավ՝ կարոտը սրտում,- հոգոց է հանում պապը:

Խանումը վախճանվեց 1971թ.:
Թովմասյանների կառուցած տուֆե տնից ոչինչ չի մնացել արդեն, բացի մի քարից, որի վրա թոռներից մեկը կավիճով պապի կյանքից մի քանի տող է գրել:
 


(Պապի ծննդյան թիվը գրելիս թոռը շփոթել է տարեթիվը)

- Դու երբ որ գնաս Երեւան,- նորից ձեռքս բռնում է պապը,- իմ մի խնդրանքը կկատարե՞ս: Դու մի լավ բժիշկ գտի՛ր, ասա՛, որ մի այսպիսի պապ կա, նա առողջ է, միայն թե աչքերը չեն տեսնում։ Քանի ողջ եմ, ուզում եմ արեւը տեսնել։

Անի Աֆյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ