News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 3–ին հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոսյանն առողջական խնդիրներ ուներ, բայց ծառայությունից չէր հրաժարվում։ Առաջին գիծ միշտ իր կամքով էր գնում. չէր ուզում մենակ թողնել երիտասարդ նորակոչիկներին։

Վերջին անգամ դիրքեր մեկնելուց առաջ բուժման կուրս էր անցել Երեւանի հիվանդանոցներից մեկում։

«Ինքը սիրտ-անոթային անբավարարություն ուներ, պառկեց բուժվելու Երեւանում, բայց կիսատ թողեց, ասեց` լավ եմ, ու գնաց, ընկավ հերոսի մահով», - պատմում է Հայկի եղբայրը` Գուրգեն Թեւոյանը:

Հայկի այրին` Ջավահիրը, այդպես էլ ոչինչ չի ասում։ Ամեն անգամ, երբ փորձում է խոսել, արցունքները խեղդում են, թաքցնում է, որ երեխաները չտեսնեն։

Ամուսնու կորստի հետ դեռ չհամակերպված երիտասարդ կինը մտածում է, թե ինչպես է միայնակ հոգալու երեխաների կարիքները։ Առայժմ միակ եկամուտը պետական նպաստն է, որը կբավականացնի միայն կոմունալ վարձերը վճարելու համար։ Հայկի կենդանության ժամանակ էլ շատ խնդիրներ ունեին, աշխատավարձը ցածր էր, ծախսերը` շատ։

Սեպտեմբերի 4–ին Հայկը տուն էր գալու։ Տանը նրա վերադարձին միշտ անհամբեր էին սպասում էին կինը ու հինգ երեխաները։ Երեխաներից երեքն անչափահաս են։ Ավագ դուստրն ամուսնացել է, 17–ամյա Կարինեն այս տարի է ավարտել դպրոցը, փոքրերը` 4 –ամյա Անահիտն ու 5–ամյա Արամը, դեռ սպասում են հոր վերադարձին։

12–ամյա Կառլենը մի քանի օրվա մեջ մեծացել է. հասկանում է, որ ինքն է հիմա մոր գլխավոր օգնականը, նաեւ պիտի ավարտին հասցնի հոր կիսատ թողած գործերը։

Հայրը շատ էր աշխատում, հոգնած էր տուն գալիս, բացի դրանից, գումարը չէր բավականացնում, այդպես էլ չհասցրեց խարխլված տունն ամրացնել, խողովակներ անցկացնել ու ջուրը տուն հասցնել։ Կառլենի վրա է տան գլխավոր կենցաղային հոգսը` ջուր կրելը։ Խմելու, լողանալու, լվացքի համար անհրաժեշտ ամբողջ ջուրը դույլերով են կրում։

«Ես մամայիս եմ օգնում, հողն եմ մշակում, ջուրը կրում, դժվար է, բայց սովորել եմ»,– ասում է Կառլենը ու վստահեցնում` որ մեծանա, անպայման ծառայելու է բանակում, որովհետեւ այլ կերպ չի կարող, որովհետեւ ինքը հերոսի որդի է։

Թեւոյանների ընտանիքն աջակցության կարիք ունի, ցանկացողները կարող են զանգահարել Հայկի կնոջը՝ Ջավահիրին, 098-16-70-57 հեռախոսահամարով։

Տպել
Ամենաշատ