ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն առաջիկայում հետ է վերցնելու իր հայցը՝ ընդդեմ ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Հաշվի առնելով, որ Հրաչ Կապրիելյանը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշիի գործընկերն է, ես որոշել եմ կոմպրոմիսի գնալ: Այժմ քննարկման փուլում ենք գտնվում եւ չի բացառվում, որ եւ ես, եւ Կապրիելյանը, հայցերը հետ կվերցնենք»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանն ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարկո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանը երբեմնի գործընկերներ էին: Նրանց հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։





























