News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ  Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած  պետական այցը, լրատվական դաշտում ստվերեց զուգահեռ ընթացող թուրք-ադրբեջանական հանդիպումները։ Մեդվեդեւի Հայաստան  այցի նախօրեին՝ օգոստոսի 16-17-ը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով Ադրբեջանում էր, որի շրջանակում ստորագրվեց «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։ Այն Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական ստորաբաժանումների առկայություն է ենթադրում, կամ այլ կերպ ասած ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաբազաների ստեղծում Ադրբեջանում։

Ռուս եւ հայ փորձագետները Մեդվեդեւի այցից հետո, հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակի մասին խոսելիս, նաեւ անդրադարձան տարածաշրջանում Թուրքիայի դերի հնարավոր մեծացման թեմային, հաշվի առնելով ստորագրված թուրք-ադրբեջանական վերջին համաձայնագիրը։ Մասնավորապես NEWS.am-ի հետ հարցազրույցում Ռազմական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը կարծիք հայտնեց, որ հնարավոր է թուրքական ռազմակայանի տեղակայում նաեւ Նախիջեւանում։ Ըստ նրա՝ դա «կարելի է ենթադրել Ադրբեջանում Գյուլի կատարած թափանցիկ ակնարկներից»։ Բացի Ցիգանոկից, բազմաթիվ այլ ռուս փորձագետներ հայ-ռուսական վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նշում էին տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման, Ռուսաստանի ռազմավարական նշանակության մեծացման մասին, հպանցիկ խոսելով, որ նկատվում է նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական մերձեցում։

«Թուրքիայի վերջին գործողությունները, եւ Ադրբեջանի տարածքում  ռազմակայանի տեղակայման հնարավորությունը ուղիղ մարտահրավեր է՝ նետված Ռուսաստանին, եւ զարմանալին այն է, որ ռուս փորձագետները դրա մասին շիտակ չեն ասում»,- NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 15-17-ը Գյուլի այցելությունը Ադրբեջան պատահական չէր։ Այն դիտմամբ էր նախատեսված, քանի որ թուրքերը տեղյակ էին, որ Մեդվեդեւի այցի շրջանակում Հայաստանն  ու Ռուսաստանը 102-րդ ռազմաբազայի լիազորությունների  ավելացման մասին փաստաթուղթ են ստորագրելու։ «Գյուլն իր այցով «հակահարված տվեց» Մեդվեդեւի  կովկասյան տրիումֆին, ու փաստորեն պարզ հասկացրեց, որ ինքը Հարավային Կովկասում  Ռուսաստանից պակաս հավակնություններ չունի»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ներկայիս վարչակազմը նեոօսմանիզմի մշակողն ու կրողն է։

Ըստ Հովհաննիսյանի՝ նեոօսմանիզմը ներկայիս Թուրքիայի ազդեցության  մեծացմանն ուղղված քաղաքական  գաղափարախոսություն է, որը ենթադրում  է Թուրքիայի ազդեցության մեծացում, ընդգրկելով նախկին օսմանյան կայսրության  սահմանները (գաղափարախոսությունը չի հրաժարվում պանթուրքականությունից, եւ լիդերություն է ակնկալում նաեւ ողջ մահմեդական ու թյուրքական աշխարհում):

«Գյուլը, Էրդողանը եւ Դավութօղլուն, ի լուր աշխարհի հայտարարել են, որ իրենց կառավարության արտաքին  քաղաքականությունը միտված է վերականգնելու  Օսմանյան տիրապետության նախկին ազդեցությունը։ Սակայն գաղափարախոսության իրականացմանը  խանգարող առաջնային խոշոր պետությունը  Ռուսաստանն է, եւ կրկին զարմանալի  է, որ ռուս փորձագետները այս թեմային  գրեթե չեն անդարադառնում»,- նկատեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ռուսական ռազմաբազայի լիազորությունների  մեծացումը, կամ թուրք-ադրբեջանական ռազամավարական համագործակցության  մասին պայմանագրերը չի կարելի լոկալ համարել: Ըստ նրա՝ Թուրքիան ռեալ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու համար, որին Ռուսաստանը ավելի համարձակ քայլով պիտի պատասխանի:

«Տարբեր հարթություններում,  Նախիջեւանում թուրքական ռազմակայանի բացման հավանականության մասին լուրեր են շրջանառվում։ Իմ կարծիքով, դա պարզապես աբսուրդ է, եւ այս լուրերին Ռուսաստանը պետք է պետական մակարդակով արձագանքի, քանի որ գոյություն ունի 1921 թվականի  Մոսկվայի պայմանագիրը, ըստ որի՝ Նախիջեւանում ռազմական ներկայության հետ կապված ցանկացած հարցի լուծումը ստանձնել են Ռուսաստանն ու Թուրքիան: Ոչ թե ռազմակայանի, այլ նույնիսկ մի շարքային զինվորի Նախիջեւանում գտնվելը այս երկու պետությունների միջպետական քննարկման  խնդիր է»,- նշեց ռազմական փորձագետը՝ ավելացնելով, որ այս պայմանագրի չեղյալ հայտարարելը կամ նույնիսկ վերանայելը տարածաշրջանը հսկայական վտանգի կենթարկի։

«Կառաջանա պայթունավտանգ  իրավիճակ, որի ռազմական թատերաբեմը շատ ավելի լայն կլինի, քանի ղարաբաղյան հակամարտությունը, որովհետեւ Նախիջեւանի աշխարհագրական դիրքը պանթուրքիստական  ծրագիրն իրականացնելու համար  ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետն անդրադարձավ  նաեւ ռուս գործընկերների այն եզրակացություններին, որ Նախիջեւանում որեւէ քայլեր ձեռնակելով, Թուրքիան չի կամենա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Անկարան եւ Մոսկվան  խոշոր ներդրումային ծրագրերի պայմանագրեր ունեն կնքած։ «Թուրքիային ներարկող ասեղը ներկայումս ռուսական է, բայց պետք չէ մոռանալ, որ թուրքերը վերջին մի քանի հարյուր տարում ի դեմս Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մի քանի «բժիշկ» են փոխել, իսկ պետության հզորացումը միշտ էլ ուղղել են Ռուսաստանի հետ առճակատման»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ամերիկյան ազդեցությունից դուրս գալու հանգամանքն օգտագործելով՝ թուրքերը մերձեցնում են կապերը Ռուսաստանի հետ, սակայն խոշոր հաշվով սա տնտեսության զարգացման դոնորին փոփոխելու հերթական քայլն է։

Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը մնում է եւ կմնա Թուրքիայի  ավանդական ախոյանը, քանի որ Թուրքիան իր ազդեցության ոլորտում ցանկանում  է տեսնել ողջ Միջին Ասիան ընդհուպ մինչեւ Սիբիր, ամբողջ Կովկասը, մինչեւ  Վոլգա գետ եւ Թաթարստան, ինչպես նաեւ Ղրիմն ու Ուկրաինան։ «Ինչ մնում է ռուսական ասեղին, ապա բացառված չէ, որ վաղը թուրքերը կփոխարինեն այն չինականով կամ հնդկականով, կամ էլ ռուսականին նստած կշարունակեն իրենց գործը»,- կարծիք հայտնեց նա:      

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության ռազմական գործողությունների  տարիներին, մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ Նախիջեւանում եւ Ադրբեջանում թուրքական ռազմական ստորաբաժանումներ են գործում, եւ որ Նախիջեւանի ինքնավար մարզի պաշտպանությունը ստանձնել են թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները։ Այնպես, որ մեկ անգամ չէ, որ ռուսները թուրքերին թերագնահատելով կամ ուշադրությունից դուրս թողնելով, մեծ ու փոքր խնդիրների առաջ են կանգնել: Ի դեպ՝ թուրքական բանակը վաղուց արդեն հարյուր միլիարդավոր դոլարի վերազինման ծրագիր է իրականացնում, բազում ժամանակակից զենքերի կողքին ձեռք է բերում նաեւ հարյուր հատ ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ, իսկ Ռուսաստանում նման ինքնաթիռների ստեղծման աշխատանքները դեռ նոր են սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ