Օգոստոսի 25-ին`ժամը 23:00 սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ինչպես նաև ոստիկանության այլ աշխատակիցներ (ֆոտոռեպորտաժ):
Հարակից շենքերի բնակիչները Գագիկ Շամշյանին պատմել են, որ տեսել են, թե ինչպես ՋԻՊ մակնիշի ավտոմեքենայով մի խումբ երիտասարդներ են եկել բակ, ու «մեր դեմ խաղ չկա» բացականչություններով սկսել են կրակել: Ըստ ականատեսների` հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ աշխատակից, գնդապետ Սուրեն Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը: Նա հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասում: Այժմ տեղեկություններ չկան այլ տուժածների մասին: Հայտնի չեն նաև հրազենային միջադեպի պատճառները:
Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի 7 պարկուճ: Նշենք, որ Ազատության 2 հասցեում է գտնվում նաեւ Արաբկիր վարչական շրջանի զինկոմիսարիատը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























