Մարս մոլորակի խառնարաններից մեկը, որտեղ ջրի հետքեր էին հայտնաբերվել, անվանել են Գառնի հայկական գյուղի անունով։
ՆԱՍԱ-ն եւ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը խառնարանն այդպես են կոչել այս տարվա ապրիլի 24-ին հայտնում է «Asbarez»-ը։
Մարսի վրա՝ Գառնիի խառնարանի լանջերին, պարբերաբար մի քանի հարյուր մետր երկարությամբ մուգ նեղ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ենթադրաբար ձեւավորվում են հեղուկ աղի ջրի հոսքերից, հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը՝ ներկայացնելով Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային բազմաֆունկցիոնալ ավտոմատ կայանից HiRISE տեսախցիկի ֆիքսած նկարը։
Պատկերը ստեղծելիս կազմվել է տեղանքի եռաչափ համակարգչային մոդելը՝ թվային քարտեզ, որը կազմել են HiRISE խցիկից 2 անգամ ստացված ստերեոսկոպիկ տեղեկության հիման վրա, որից հետո պատկերը դրվել է մոդելի վրա։
2001թ. հունվարին ՆԱՍԱ-ն Գառնիում տիեզերագնացության թանգարան էր բացել եւ Գառնիի ինստիտուտի հետ համատեղ նախագծերի շուրջ փոխըմբռնման մասին հուշագիր էր ստորագրել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ Մարսի վրա հեղուկ ջրի հետքեր են գտել։