Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Չելյաբինսկի Միասս քաղաքի մոտ զանգվածային ծեծկռտուքի մասին: Մասնավորապես, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», իրավապահները դիտարկում են միջադեպի կենցաղային վարկածը:
Վարկածներից մեկով, կռիվն սկսվել է խորովածանոցում: Որոշ այցելուներ սրճարան են ժամանել իրենց խմիչքով, ինչը դուր չի եկել հաստատության տիրոջը: Մեկ այլ վարկածով՝ մի աղջիկ մերժել է զվարճանքի համալիրի հայաստանցի տիրոջը: Վերջինս էլ ընկերների հետ հարձակվել է փառատոնի մասնակիցների վրա, որտեղ զվարճանում էին այդ աղջիկն ու նրա ընկերները:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, կիրակի երեկոյան «Տոռնադո» փառատոնի մասնակիցների վրա են հարձակվել 70-100 տղամարդ՝ զինված մահակներով եւ գազային ատրճանակներով: Նրանք սկսել են ծեծել մասնակիցներին, նաեւ ոստիկանության աշխատակիցներին, որոնց մոտ զենք չի եղել:
Արդյունքում տուժել է մոտ 20 մարդ: Հարձակումից հետո փառատոնը շարունակվել է:
Քննիչները քրեական գործ են հարուցել «խուլիգանություն» հոդվածով:




























