News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում եւ հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:

 Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության եւ ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողը եղել է Միլանի պոլիտեխնիկի դասախոս, ճարտարապետ Գայանե Կազնատին:

Իր ելույթում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորել է Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մշակութային ժառանգության պահպանության հարցը: Նախարարը նշել է, որ կառավարությունը միջոցներ չի խնայում պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման ու տարածման, ինչպես նաեւ հնագիտական պեղումների իրականացման համար:

Մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաեւ Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» անվանակարգում երկրորդ եւ երրորդ պատվավոր տեղերին՝ համապատասխանաբար Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եւ Նիկոզիայի հայկական եկեղեցիները:

«Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու եւ խթանելու Եվրոպայի մշակութային ժառանգությունը: Այն հիմնադրվել է 1963 թ. եւ համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: Ընդհանուր առմամբ «Եվրոպա Նոստրան» ընդգրկում է 42 երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news