Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վարորդներից մեկը՝ Գառնիկ Հարությունյանը, որը դեպքի պահին ղեկին է եղել, Կոտայքի մարզի Արամուս գյուղից է, մոտ 4 տարի աշխատել է «Քինգ Դելյուքս» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը:
43-ամյա Գառնիկ Հարությունյանը երկար տարիներ է՝ ինչ վարորդ էր աշխատում:
Վարորդի հայրը՝ Նորիկ Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին իմացել են մամուլից, մինչեւ այս պահը «Քինգ Դելյուքս»-ից ոչ ոք իրենց հետ կապ չի հաստատել, վթարից մանրամասներ չի հաղորդել:
«Իմ որդին շատ ուշադիր վարորդ է»,- ասաց Նորիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքն ավելի հակված է մեքենայի անսարքության վարկածին:
Նա հայտնեց նաեւ, որ վթարված ավտոբուսը մեկ ամիս վերանորոգվել է Մոսկվայում:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանի որդիները ծառայում են հայկական բանակում:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 47 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։











