Ռուսաստանի կառավարության որոշումը՝ մասնակիորեն վերացնել հացահատիկի արտահանման էմբարգոն, կարող է հնարավորություն տալ Հայաստանին՝ ցորենի որոշ խմբաքանակներ ներմուծել այդ երկրից, որն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը։
Հատկապես ուշադրության է արժանի ՌԴ կառավարության որոշման այն կետը, ըստ որի էմբարգոն չի տարածվում միջազգային պայմանագրերի կատարման վրա։ Նշենք, որ օգոստոսի 15-ին հայտարարված արգելքը գործում էր նաեւ կնքված պայմանագրերի մասով. ռուսական կառավարությունը հրահանգել էր դադարեցնել ցորենի բեռնումը գնացքներ եւ նավեր՝ անկախ պայմանավորվածությունների առկայությունից։ Դրա հետեւանքով չեղյալ էին հայտարարվել նաեւ հայկական ընկերությունների հետ նախօրոք կնքած մի շարք պայմանագրեր։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն օրերս հայտարարեց, որ հույսեր կան այդ պայմանագրերը վերականգնելու։
Էմբարգոյի մասնակի վերացման հետեւանքով Հայաստանը կարող է հացահատիկ ներմուծել նաեւ ռուսական ռազմակայանի կարիքների համար։
Նշենք, որ հացահատիկի համաշխարհային շուկայում Ռուսաստանը համեմատաբար նոր խաղորդ է եւ խոշոր արտահանումներ է իրականացնում միայն վերջին 2 տարիներին՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Կանադային եւ Եվրամիությանը։ Փորձագետները արդեն իսկ զգուշացնում են, որ Ռուսաստանին շատ դժվար կլինի նորից հաստատուն դիրքեր գրավել այս շուկայում, եթե էմբարգոն չափից ավելի երկարի։ Ուստի Ռուսաստանի շահերից է բխում, որքան հնարավոր է արագ վերսկսել ցորենի արտահանումը։
Ռուսաստանի կառավարության որոշումը ցորենի միջազգային գների վրա էական ազդեցություն չի թողել։ Անկախ այդ գործոնից՝ ցորենի գները նվազման միտում ունեն, թեեւ ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում նաեւ թանկացում։ Չիկագոյի բորսայում սեպտեմբերյան ֆյուչերսները երեկ վաճառվել են 6,5 դոլարով բուշելի համար, որը 2,8 տոկոսով ցածր է նախորդ օրվա սակարկությունների արժեքից։