«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը նոյեմբերի 9-ին, իրեն ծեծի ենթարկելու գործով բողոքը հետ է վերցրել: NEWS.am-ի հետ զրույցում Սամսոն Ղազարյանը նշեց, որ այդ քայլին է դիմել իր ընկերների խնդրանքով, որոնք ճանաչում են իրեն ծեծի ենթարկողին եւ պատմել են, թե ինչպիսի դժվար սոցիալական պայմաններում է նա ապրում:
«Շատ վատ պայմաններում է ապրում, երեխաներ ունի, վարձով է ապրում, ընդհանուր ծանոթներս, ընկերներս խնդրեցին, որ հետ վերցնեմ դիմումս, եկավ ներողությւոն խնդրեց, խոստացավ, որ նման բան այլեւս չի անի: Վարդան Մալխասյանի ծանոթներից է, պատմեց, թե ինչ դժվար կյանքով է ապրում, խորհուրդ տվեցի, որ նման բան այլեւս չանի, տեսնենք»,-ասաց Սամսոն Ղազարյանը՝ նշելով, որ երիտասարդն իր վրա է հարձակվել, որպեսզի ճշտի, թե այդ վայրից Սամսոն Ղազարյանը «ինչ-որ կոնկրետ մարդու ինչ-որ տեղ» տարել է, թե ոչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական Կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ):
NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում 2015թ. հոկտեմբերի 21-ին, ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունում հետաքննություն էր ընթանում:





























