Այսօր` սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում պետք է շարունակվեր Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարությունը: Դատաքննությունը նշանակված էր ժամը 11:30-ին-ին սակայն այն երկար ժամանակ չէր սկսվում, քանի որ ըստ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի, իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի. սրտխառնոց ու գլխապտույտ է զգում:

Ինչպես դատարանի շենքից NEWS.am-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի շենք է ժամանել շտապօգնության մեքենա, բժիշկները զննում են Աշոտ Հարությունյանին եւ դեռ հայտնի չէ նրա վատառողջության պատճառը:

Սեդա Սաֆարյանը հայտնել է, որ Աշոտ Հարությունյանին դատարան են բերել այդ վիճակում:

Այդուհանդերձ, որոշակի ուշացումով, դատական նիստն սկսվել է  առանց ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանին միջնորդել է, որպեսզի դատը հետաձգեն, սակայն դատավորը 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որպեսզի այդ ընթացքում բժիշկները կհետազոտեն Հարությունյանին, որից հետո պարզ կլինի, թե արդյոք նա կկարողանա՞ մասնակցել այսօրվա դատական նիստին, թե` ոչ: Նշենք, որ այս ընթացքում դատարանի շենքին է մոտեցել երկրորդ շտապօգնության մեքենան:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանի գործով մեղադրյալ Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, որ Խալաֆյանն ինքնասպան չի եղել, իսկ նրա մայրն էլ ասել էր, որ իրենց հայտնի է մարդասպանի անունը, սակայն իրենք վախենում են Աշոտի կյանքի համար:

Լուսանկարը ` Գագիկ Շամշյանի