News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ նոյեմբերի 27-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանին (ֆոտոռեպորտաժ

Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք այլ քաղաքական, մշակույթի եւ արվեստի գործիչներ։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ Վարդուհի Վարդերեսյանն այն եզակիներից էր, որը երբեւէ չդավաճանեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնին։

«Այսօր մենք հանդերձյալ աշխարհ ենք ճանապարհում մեծ սերնդի վերջին մոհիկանին, սերունդ, որի օրոք փոթորկում էին մայր թատրոնի կամարները, սերունդ, որի ներկայացուցիչները մեծն Աճեմյանի գլխավորությամբ ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք ոսկե տառերով դաջվեցին մեր թատրոնի պատմության էջերում։ Վարդուհի Վարդերեսյանը բարության ազնվության եւ սկզբունքայնության խորհրդանիշ  էր։ Նա այն անձնավորությունն էր, որը ոչ մի պարագայում չդավաճանեց իր թատրոնին»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վարդուհի Վարդերեսյանը այն մեծություններից է, որը մեծ ներդրում է ունեցել հայ թատերական մշակույթի զարգացման գործում։

«Տիկին Վարդուհին մեր եթերում լինելու է հավերժ, որովհետեւ Վարդուհի Վարդերեսյանի նման մեծություններն են, որ մեր մշակույթին, մեր ազգին, մեր երիտասարդությանը տալիս են ինքնության եւ վեհության զգացողություն եւ հայրենիքը  ամբողջովին զգալու հնարավորություն։ Աստված հոգին լուսավորի, եւ Աստված տա, որ նրա թողած ժառանգությունը իր դերն ու նշանակությունը ունենա ապագա սերունդների համար»,-նշեց Արմեն Ամիրյանը։

Վարդուհի Վարդերեսյանի մարմինը մայր թատրոնից դուրս բերեցին  երկրպագուների եւ կոլեգաների ծափողջյունների եւ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման երաժշտության ներքո։ Հիշեցնենք, որ այս ներկայացման մեջ պատանի տղայի` Ջոնիի դերը Վարդերեսյանի կերտած ամենավառ կերպարներից է։ Թաղման թափորը ոտքով գնաց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հողին հանձնեցին դերասանուհու մարմինը։ Ամբողջ ճանապարհին հնչում էր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար Առնո Բաբաջանյանի գրած համանուն ստեղծագործությունը։ Կոլեգաները նշում էին, որ այսօր հրաժեշտ են տալիս «մեր Ջոնիին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ