ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին աջակցելու ջանքերի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահներն առավել ակտիվ լինելու հույսեր ունեն առաջիկա ամիսների ընթացքում՝ մինչեւ ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը:
Համանախագահները Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն սեպտեմբերի 6-10-ին, որպեսզի քննարկեն հրադադարի ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ հավելյալ միջոցները, աջակցեն բոլոր կողմերից փոխզիջումների ոգուն, ինչպես նաեւ ավարտեն իրենց հետագա գործողությունների մշակումը։ Սեպտեմբերի երեք շաբաթների ընթացքում համանախագահները կուղեւորվեն Վաշինգտոն, ապա Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմերի հետ աշխատելու համար:
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում համանախագահները կվերադառնան տարածաշրջան՝ ԼՂ հարակից տարածքներում հումանիտար իրավիճակի գնահատման առաքելություն անցկացնելու նպատակով, որը նրանք քննարկել են կողմերի հետ վերջին շաբաթների ընթացքում եւ նրանց հետ նախապես համաձայնեցված սկզբունքները քննարկելու համար: Համանախագահներին ուղեկցելու է բարձր մակարդակի խորհրդականներից եւ փորձագետներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչներից կազմված խումբը: Սա առաջին միջազգային առաքելությունն է այդ տարածքներում` 2005-ին ԵԱՀԿ-ի ճանաչողական առաքելությունից ի վեր: Առաքելության ավարտից անմիջապես հետո համանախագահները իրենց հետեւությունները կներկայացնեն Վիեննայում:
Այնուհետեւ համանախագահներն իրենց գործունեության մասին ամենամյա զեկույց կներկայացնեն ԵԱՀԿ Մշտական խորհրդին եւ կողմերին ակտիվորեն կնախապատրաստեն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին:
Ակտիվ գործունեության փուլում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին՝ խստորեն հետեւել հրադադարի ռեժիմին, տեղերում զսպվածություն ցուցաբերել, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար, որն անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, զերծ մնալ բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից, ինչպես նաեւ լուրջ երկխոսություն սկսելու համար համոզիչ քաղաքական կամք ցուցադրել:
Ինչպես նշվում է հայտարարությունում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադեպերի՝ համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, մասնավորապես շփման գծի հատմամբ յուրաքանչյուր ներխուժում,ափսոսանք են հայտնում մարդկանց անիմաստ մահվան համար, ինչպես նաեւ հիշեցնում Ալմաթիում երկու երկրների նախարարների հայտարարության մասին, ըստ որի՝ ուժի կիրառումն է ստեղծել այս ներկա իրավիճակը եւ կարող է հանգեցնել միայն տառապանքների եւ ավերածությունների, իսկ հակամարտության եւ թշնամանքի հետեւանքները կզգան հաջորդ սերունդները:




























