Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը  սպառնալիք է Վրաստանի ու Ադրբեջանի համար:  Ադրբեջանական APA գործակալությանն այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումն ու դրա հզորացումը, նախեւառաջ, սպառնում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: «Այդ ռազմաբազան որեւէ երկրի կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Եւ բացի այդ՝ այդ բազան չի ստեղծում բարենպաստ պայմաններ` Հարավային Կովկասում առկա խնդիրները խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար: Ռուսական ռազմաբազայի միակ նպատակն, ըստ վրաց պաշտոնյայի, տարածաշրջանում լարվածության մեծացումն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: