News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Գարո Թավիջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իրենց խմբի՝ «Թավիջյան եղբայրների» փիլիսոփայությանն ու իրենց երաժշտության գաղափարախոսությանը:

Նշենք, որ Մակեդոնիայում բնակվող հայ Դիրան եւ Գարո Թավիջյանները 2015թ. ապրիլին արդեն 2-րդ անգամ այցելել էին Հայաստան՝ մասնակցելու Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին:

Հաջողության գրավական չէ, որ դու լավ երաժշտություն ես գրում եւ ունես լավ կրթություն

Փաստը, որ դու լավ երաժշտություն ես գրում, լավ երգում ես, հրաշալի տեխնիկա եւ կրթություն ունես, դեռ հաջողության գրավականը չէ: Կարեւորն այն չէ, որ դու հաջողակ ես, առավել կարեւոր են հոգեւոր արժեքները: Այսինքն, դու կարող ես լինել հաջողակ, հարուստ, սակայն չունենալ անհրաժեշտ հոգեւոր արժեքները:

Դու գործիք ես Աստծու կողմից

Նյութականը որեւէ նշանակություն չունի. տներ, մեքենաներ, սրանք կարեւոր չեն: Դու գործիք ես Աստծու կողմից եւ պետք է մեսիջ փոխանցես: Լավ երաժիշտը հենց այդ մեսիջը տարածողն է:

Թավիջյան եղբայրների նպատակն է ոգեշնչել երիտասարդ սերնդին, դրական լիցքեր հաղորդել, հոգեոր արժեքներ փոխանցել, քանի որ ցավոք սրտի, երիտասարդների մի մասը վատ ուղի է ընտրել: Մենք շատ ենք ճամփորդում եւ շատ բացասական երեւույթների ենք հանդիպում: Մեր ցանկությունն է օգնել մարդկանց, ոգեշնչել մեր երաժշտությամբ, ապրեցնել: Դու լավ երաժիշտ ես, եթե անհատապես զգում ես, ինչ ես անում:

Հանդիսատեսը երբեք չի վճարում քեզ երաժշտության համար

Հաջողության հասնելու համար երաժիշտը նախ պետք է վստահի ինքն իրեն, աշխատի, պրակտիկա ձեռք բերի:

Պետք է հիշել, որ հանդիսատեսը քեզ չի վճարում նվագելու համար, նա վճարում է երաժշտի ժամանակի, ճանապարհածախսի համար, իսկ երաժշտությունն ու փոխանցվող մեսիջը չեն  վաճառվում, այն քո ներսից է: Կարելի է հիմնել երաժշտական լավագույն դպրոցները, սակայն չունենալ հաջողություն տվյալ երաժշտական ոլորտում, որովհետեւ մեսիջդ այլ էր: Հայերն այս առումով հաջողակ են, նրանք կարողանում են լավ երաժշտություն մատուցել:

Գումարը մեզ հնարավորություն է տալիս՝ գործիքներ գնելու

Մենք փորձում ենք աշխարհն առավել լավը դարձնել: Այս առումով գումարը մեզ հնարավորություն է տալիս՝ գործիքներ գնելու, որ մեր մեսիջը, նպատակը հասցնենք մեր հանդիսատեսին, գումարը ծառայեցվում է արվեստին: Իհարկե, այս փիլիսոփայությամբ դժվար է ապրելը, դժվար է իրականության դարձնել նպատակը, միգուցե տարիներ պահանջվեն, բայց պետք է պայքարել դրա համար:

Ինձ շատ նյութական բաներ պետք չեն՝ երջանիկ լինելու համար: Մի օր կարող ես ունենալ շատ գումար, բայց երջանիկ չլինել: Մեր երաժշտությունը հենց սրա մասին է, որ պետք է գնահատել հոգեւորը:

Կյանքը լավ բան է՝ անկախ նրանից, թե ինչ է պատրաստել քեզ համար

րջանկություն է, երբ ծնողներդ առողջ են, կողքիդ քեզ սիրող ընկերներ ունես, կա մեկը, որը քեզ սիրում է, քո մասին հոգ է տանում: Երջանկություն է, երբ դու տաղանդավոր երաժիշտ ես, լրագրող կամ նկարիչ:

Առհասարակ, ըստ իս, երջանիկ լինելու համար պետք է վստահ լինել, կյանքը լավ բան է՝ անկախ նրանից, թե ինչ է պատրաստել քեզ համար:

Հիշեցնենք, որ Թավիջյան եղբայրները հայտնի ջազմեններ են ամբողջ աշխարհում: Նրանք արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը, ինչպես նաեւ բրիտանական SONY JAZZ մրցույթի դափնեկիրներ են: Հայ երաժիշտները համագործակցել են եւ ելույթ ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ Ջո Զավինուլի, Չիկ Կորեայի, Ռհանի Կրիջանի, Ռոզանա Վիտրոյի, Ռիշար Գալյանոյի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ