News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից, պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր արդեն Ֆրանսիայում բնակություն հաստատած Վալերի-Աշխեն Գործունյանը խոսում է իր կյանքը փոխած որոշումների եւ այն քայլերի մասին, որոնց համար զղջում է:

Ճակատագրական որոշում, որ փոխեց կյանքս

Իմ ճակատագրական որոշումն էր, որ 1995թ.-ին որոշեցի նյութական հսկայական ներդրումներ անել Հայաստանում եւ կարողությունս բերել այստեղ: Այդ որոշումն իմ կյանքը փոխեց, ես ուղղակի զղջում եմ դրա համար, որ այսքան ներդրեցի ու կորցրի: Իսկ մնացածի համար, իմ հաճախորդների, միջավայրի համար չեմ զղջում:

Որոշում, որի համար առ այսօր զղջում եմ

Զղջում եմ, որ վստահեցի իմ նախկին ամուսնուն, հավատացի, որ Հայաստանում արդարություն կա: Եթե այսօր նրա հետ ամուսնանայի, Հայաստանում նրա հետ բիզնես չէի սկսի:

16 տարեկան էի, որ առաջին անգամ Հայաստան եկա

Երբ առաջին անգամ Հայաստան եկա, շատ տպավորված էի: Անշուշտ մեզ հայասեր էին մեծացրել մեր ծնողները, արդեն հայություն կար մեր մեջ: Իսկ երբ եկա Հայաստան, ուղղակի սիրահարվեցի հայրենիքիս, չէի ուզում վերադառնալ Փարիզ: Թերեւս այսքան տպավորված էի, քանի որ հրաշալի խմբով էինք եկել Հայաստան:

Արա Բաբաջանյանը Փարիզ էր եկել հոր հետ

Արայի հետ ծանոթացել եմ Փարիզում, որտեղ եկել էր Առնո Բաբաջանյանի հետ, որին արդեն ճանաչում էի, քանի որ մայրս դաշնակահարուհի էր, եւ Առնո Բաբաջանյանը Փարիզ կատարած այցերի ժամանակ մեզ հյուր էր գալիս: Ինձ խնդրեցին, որ Արային ցույց տամ Փարիզը, այսպես սկսեց մեր ծանոթությունը եւ այնուհետեւ արդեն ամուսնացանք:

Երկրորդ ամուսնուս շնորհիվ ծանոթացա Մոնթե Մելքոնյանի, Ալեք Ենիգոմշյանի հետ եւ միացա ԱՍԱԼԱ-ին

Արայի հետ բաժանվելուց հետո հանդիպեցի իմ երկու որդիների հորը՝ լիբանանահայ Մայք Կազանչյանին, որը շատ մեծ հայրենասեր էր, սկզբունքային, պայքարող եւ իրական հայ: Նա Մոնթե Մելքոնյանի եւ Ալեք Ենիգոմշյանի ընկերն էր, հենց նրա միջոցով ընկերացա Մոնթեի եւ Ալեքի հետ եւ նրանց հետ էլ մասնակցություն ունեցա ԱՍՍԱԼԱ-ում:

Այս խմբի անդամներն ինձ համար հերոսներ էին, նրանք ճիշտ ու արդար պայքար էին մղում թուրքական պետության դեմ: Ինձ համար էլ սա արդար պայքար էր, քանի որ մինչ այդ բոլոր միջոցները փորձել էին:  Թուրքիան չէր ճանաչում Ցեղասպանությունը, ինչպես եւ այսօր... Ինձ համար ԱՍՍԱԼԱ-ի տարիներն ամենալեցուն տարիներն էին, որովհետեւ հավատ կար:

Երազում էի մասնակցել իմ հայրենիքի կառուցմանը. դժվար տարիներ էին Հայաստանի համար

Հայաստան գալու որոշումն իմն էր, նախկին ամուսինս չէր ուզում, իսկ ես երազում էի մասնակցել հայրենիքիս կառուցմանը, մեծ էներգիայով եկա Հայաստան. 1995թ.-ն էր, դեռ էլեկտրականության խնդիր կար, բանկային համակարգը նոր էր, բայց ես շատ խենթացած էի, սուրճի բիզնեսին տիրապետում էի եւ հավատում էի, որ հաջողության ենք հասնելու:

Իրականում, շատ արագ կարողացանք մարդկանց գրավել եւ ավելի մեծ ծավալով սուրճ բերել Հայաստան: Իհարկե, սուրճը տեղափոխելու խնդիր ունեինք, բայց հաճախորդը մեզ վստահում էր եւ ամեն ինչ հաղթահարեցինք: 2003թ.-ին արդեն բացեցինք սրճարանը, սեղանները հատուկ Ֆրանսիայից էինք բերել, որն արդեն իսկ նորություն էր: Ինձ ասում էին, որ այս փոքրիկ սեղանները հայաստանցիները չեն հավանի, բայց հակառակը եղավ, եւ սրճարանն էլ հաջողություն գրանցեց:

Երբ քաղցկեղով հիվանդացա, ամուսինս խաբեց ինձ եւ վաճառեց սրճարանս

Այդ ժամանակ ես նյութական խնդիրների մեջ էի, բայց այնուամենայնիվ, մեծ գումար ներդրեցի, իսկ հետո... հիվանդացա քաղցկեղով, ինձ թվում է՝ հենց այդ ժամանակ ամուսինս ինձ որոշեց խաբել եւ այդպես էլ եղավ. Երկարատեւ պայքարից հետո նա վաճառեց սրճարանս: Միամիտս կարծում էի, որ արդարությունը կհաղթի, մտածում էի՝ իմ իրավունքը կպաշտպանի... Բայց հասկացա, որ Հայաստանում հաջողության հասնելու համար պետք է մտերիմ լինես պետական բարձր պաշտոնյաների հետ: Ամուսինս այդպիսին էր, դրա համար էլ շահեց:

Հայաստանի իշխանություններին այլեւս չեմ վստահում

Ընդհանրապես չեմ վստահում այս պետությանը, ես հետեւել եմ ընտրությունների ընթացքին եւ իսկապես ցավում եմ հայ ճիշտ ժողովրդի համար: Կարծում եմ՝ ինձ նման շատ մարդիկ կան, որոնք այլեւս չեն վստահում գործող իշխանություններին, իսկ հայ ժողովուրդն էլ պետք է երկարատեւ պայքար մղի՝ արդար պետություն ունենալու համար:

Իսկ ես երբեք այլեւս չեմ վստահելու նրանց...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ