News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն արդեն ավելի քան տասը տարի միջազգային խաղաղապահ գործունեության ակտիվ մասնակից է, աստիճանաբար ընդլայնվում է խաղաղապահ առաքելություններում մասնակցության աշխարհագրությունը, մեծանում է  խաղաղապահ զորակազմը:

2001թվականի հուլիսին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում` Նյու Յորքում, ՀՀ Արտաքին Գործերի փոխնախարարը ՀՀ կառավարության անունից ստորագրեց Միացյալ Ազգերի Կազմակերպության խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու մասին հուշագիր, ինչից հետո փուլային տարբերակով կազմավորվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը: Զորամասի առաջին հրամանատար նշանակվեց կապիտան Արտակ Տոնոյանը, այնուհետեւ նշանակվեցին նաեւ առաջին վաշտի եւ դասակի հրամանատարները` կապիտան Կարեն Սահակյանը, լեյտենանտներ Կարապետ Սալաբաշյանը, Սամվել Սարգսյանը եւ Արտյոմ Ավդալյանը:

Ներկայումս խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Հերջինս հանդիսանալով երկու պատերազմների մասնակից իր բազմամյա փորձը փոխանցելով հայ խաղաղապահներին, հմուտ եւ արհեստավարժ կերպով ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը:

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռեւս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը, ավագ լեյտենանտ Արտյոմ Ավդալյանի հրամանատարությամբ վեց ամսյա ժամկետով մեկնեց Կոսովոյի տարածաշրջան` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այսպիսով, յուրաքանչյուր տարի մինչ օրս, շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականցնում Կոսովոյի տարածաշրջանում:

2005թ. հունվար ամսին, ստանալով ՀՀ խորհրդարանի համաձայնությունը Իրաքին հետապատերազմյա աջակցություն ցուցաբերելու նպատակով, առաջին անգամ 45 հոգանոց հայկական զորախումբը, կապիտան Գարուշ Ավետիսյանի հրամանատարությամբ` բաղկացած բժիշկներից, սակրավորներից եւ վարորդներից մեկնեցին Իրաք` լեհական ստորաբաժանման հետ համատեղ մասնակցելու Իրաքի հետպատերազմյա վերականգնողական գործնթացին: Այս անգամ եւս հերթափոխերը իրականանում էին վեցամսյա ժամկետով: Իրաքի հետպատերազմյա վերականգնողական գործնթացը շարունակվեց մինչեւ 2009թ. նոյեմբեր ամիսը, երբ Իրաքում Կոալիցիոն ուժերի հրամանատարությունը եւս որոշում կայացրեց կրճատելու Իրաքում ռազմական ներակայցուցչությունը, տեղում թողնելով միայն սահմանափակ քանակի ԱՄՆ զինծառայողների:

2010թ. հունվարին, համաձայն ՀՀ կառավարության որոշմանը, 40 հոգանոց հայկական զորախումբը, մայոր Արկադի Տոնոյանի հրամանատարությամբ մեկնեց Աֆղանստան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ մասնակցելու Միջազգային Անվտանգության Աջակցման Ուժերի հետ համատեղ առաքելությանը: 2010-ից մինչ օրս հայ խաղաղապահները իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաեւ Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել եւ հայրենիք են վերադարձել շուրջ 1540 խաղաղապահները: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղպահներ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

Առաքելության մեկ տարվա ընթացքում Աֆղանստանում բացվել է հայկական մատուռ:

Հայ խաղաղապահների համար հաջորդ առաքելությունը դա Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: Այն նույնպես կառավարության հավանությանն արժանացավ եւ 2014թ. դեկտեմբերին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի առաքելությանը:

Զորամասն իր գործունեության ընթացքում մասնակցել է նաեւ բազմաթիվ միջազգային եւ բազմազգ զորավարժությունների թե Հայաստանի տարածքում եւ թե նրա սահմաներից դուրս բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը, իսկ իր պատմության ընթացքում բազմակի անգամ արժանացել է վերադաս հրամանատարների, ինչպես նաեւ օտարերկրյա բարձրաստիճան սպաների գովեստին եւ պարգեւներին:

Հատկանշական է, որ այս ողջ ընթացքում արձանագրվել է միայն մեկ լուրջ միջադեպ, որի հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել: Ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը 2006 թվականի նոյեմբերի 11-ին Իրաքում ծանր վիրավորվել է ոտքից: Նա բուժման կուսր է անցել Գերմանիայում եւ վերադարձել ծառայության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ