Արտակարգ միջադեպ է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ են հավաքվել:
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ այսօր` սեպտեմբերի 9-ի առավոտյան ժամը 9:30-10:00-ի սահմաններում, Երեւանի տնտեսագիտական համալսարանի շենքի ներսում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից անմիջապես հետո, համալսարան են ժամանել Երեւան քաղաքի եւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները եւ մի քանի հոգու տարել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Կրակոցները հնչել են համալսարանի առաջին հարկում գտնվող Ֆինանսական ֆակուլտետում, որտեղ, ի դեպ, գործում է համալսարանի ընդունող հանձնաժողովը: Ականատեսները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ երիտասարդը, ով նշված բուհի ուսանող չէ, երկրորդ կուրսում սովորող իր ընկերուհու կամ ընկերոջ հարցով եկել է Տնտեսագիտական համալսարան եւ մի քանի երիտասարդների հետ ցանկացել է ինչ-որ հարցեր պարզաբանել, որի ժամանակ էլ իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել: Նրան նույն պահին ձերբակալել են համալսարանում իրենց ծառայությունն իրականացնող Կենտրոնի ոստիկանները եւ մի քանի երիտասարդների հետ տարել են Կենտրոնի ոստիկանություն: Պարզվել է, որ նա եղել է Ճարտարագիտական համալսարանի ուսանող, 18-ամյա Կարո Ադյանը, ով 16-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ է:
Նախնական տեղեկություններով, զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դեպքի հետ առնչություն ունեցածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության Մարաշի բաժանմունքում:
Այս պահին դասերը համալսարանի շենքում վերսկսվել են եւ ուսումնական պրոցեսը բնականոն ընթացքի մեջ է:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























