Դիլիջանում այսօր` սեպտեմբերի 11-ին, աշխատանքներն է սկսել «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» համաժողովը։ Սա վերջին տարիներին Հայաստանում կազմակերպված ամենաներկայացուցչական միջոցառումներից է, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն, Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին վարչապետ եւ Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարգո Հաուսմանը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը: Որոշ քննարկումներին սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
Համաժողովը տեղի կունենա երեք փոխկապակցված թեմաների շուրջ. նորարարություն, արտահանման ուղղվածություն եւ հանուն փոփոխությունների սոցիալական կոալիցիայի ստեղծում:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ ընթացիկ տարում դինամիկան այնպիսին է, որ տնտեսությունն արագ վերականգնվում է, եւ մենք պետք է վերադառնանք այն գաղափարներին, որոնք ձեւավորվել են դեռ ճգնաժամի ժամանակ եւ շարունակենք բարեփոխումները։
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ իշխանությունների անունից հավաստիացրեց, որ հարկավոր է պայքարել կոռուպցիայի դեմ։ Այդ նպատակով նա մեջբերեց ոչ թե իրավաբանների կամ քաղաքական գործիչների հայտնի աֆորիզմները, այլ ֆիզիկայի բնագավառում ճանաչված մասնագետ Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը՝ «Մեզ հարկավոր է նոր մտածելակերպ, լուծելու համար հին մտածելակերպի արդյունք հանդիսացող խնդիրները»։




























