News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2015թ. հունվարի 12-ի վաղ առավոտյան 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ինքնակամ լքել էր դիրքը, ավտոմատը ձեռքին ներթափանցել Ավետիսյանների տուն եւ սպանել ընտանիքի բոլոր անդամներին (ֆոտոռեպորտաժ)։

6-ամսակական Սերյոժան մահացել էր դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում։
Պերմյակովին հայտնաբերել էին ռուս սահմանապահները Բայանդուր գյուղի մոտ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովի որոշմամբ ձերբակալվ զինծառայողին հանձնել էին ռուսական ռազմաբազայի հրամանատարին։
NEWS.am-ը ներկայացնում է հետագա իրադարձությունների ժամանակագրությունը։

Հունվարի 13
ՀՀ գլխավոր դատախազություն. Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հարցը չի քննարկվում, քանի որ զինծառայողը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավասության ներքո։

Հունվարի 14
Հայաստանի Քննչական կոմիտեն ռուս զինծառայողին մեղադրանք է ներկայացնում ՀՀ ՔՕ 2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ երկու կամ ավելի մարդու դիտավորյալ սպանություն։ Պերմյակովն ընդունում է ներկայացված մեղադրանքները։

Հունվարի 15 
Գլխավոր դատախազության հայտարարությունը երկրի բնակչության շրջանում բողոքի ալիք է առաջ բերում։

Հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս գալիս Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունենում։ Դեսպանատան մոտ բողոքողները երթով շարժվում են դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն։ Ցուցարարները պահանջում են Պերմյակովին դատել Հայաստանում։ 


Միաժամանակ Գյումրիում Ավետիսյանների հուղարկավորությունից հետո մարզային դատախազության մոտ բողոքի ցույց է սկսվում՝ պահանջելով հայկական կողմին հանձնել Պերմյակովին։ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստանում է կապ հաստատել ռուսաստանցի գործընկերոջ հետ։ 

Ցուցարաները նաեւ պահանջում են նկարահանել Պերմյակովին և ցուցադրել հեռուստատեսությամբ՝ ի ապացույց այն բանի, որ նա գտնվում է ռուսական բազայում։

Ռուսական կողմի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, հայկական կողմի ներկայացուցիչները՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ ակտիվիստ Կարեն Պետրոսյանը մտնում են 102-րդ ռազմաբազայի տարածք։ 
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի մոտ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում, ինչի հետեւանքով ավելի քան 2 տասնյակ մարդ է տուժում, այդ թվում՝ ոստիկանության  ներկայացուցիչներ։

Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքում հրապարակվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, որ Գյումրիում միջադեպի հետաքննությունը լինելու է օբյեկտիվ, համապարփակ, հանցագործության մեղավորը պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ։

Հունվարի 18 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի եւս մեկ անգամ ցավակցություն հայտնի սպանվածների հարազատներին եւ ողջ հայ ժողովրդին։ Պուտինը վստահություն է հայտնում, որ ողբերգության մեղավորները կկրեն իրենց պատիժը։

Հունվարի 19
Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպում՝ պահանջելով Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։

Հունվարի 20
Գյումրիի սպանության գործով հրապարակային դատը կընթանա բացառապես Հայաստանում։ Այս մասին Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը։ 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը եւ ՌԴ քննչական կոմիտեն նախագահը համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Հունվարի 21
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ հայ-ռուսական միութենական եւ ռազմավարական հարաբերությունները չեն տուժի Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերից։

Հունվարի 23
Լեհաստանի հայերն իր բոլոր իրավական հիմնավորումներով ընդարձակ, գրավոր բողոք-պահանջ են ուղարկել Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևին՝ պահանջելով Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։

Հունվարի 26
Երեւանում ընթանում է եւս մեկ բողոքի ցույց՝ ռուս զինծառայողին Հայաստանին հանձնելու պահանջով։ Ցուցարարներն իրենց հետ բերել էին  «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Գյումրի, դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» գրությամբ պաստառներ:
                                           
փետրվարի 3
ՀՀ գլխաբոր դատախազը դիմում է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ միջնորդագիր ներկայացնելով Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին հանձնելու համար։ Գործի շրջանակներում Ավետիսյանների 5 հարազատներ ճանաչվում են որպես տուժողներ։

Հայկական եւ ռուսական կողմերը համաձայնության են գալիս, որ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ Գյումրիի կայազորային դատարանում։

Փետրվարի 12
Երեւանում՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպում՝ պահանջելով թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնում Գեւորգ Կոստանյանին։

Փետրվարի 15
Ավարտվում է Պերմյակովի գործով  բժշկական  փորձաքննությունը։ Ալկոհոլի կամ թմրանյութի օգտագործման ապացույցներ չեն հայտնաբերվում։

Փետրվարի 20
Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են հղում Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Գրինինին՝ պահանջելով Երեւանին հանձնել Պերմյակովին։ 

Մարտի 29
Վալերի Պերմյակովի գործը գտնվում է Ռուսաստանի նախագահի անձնական հսկողության տակ։ Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը:

Մարտի 31
ՌԴ ՊՆ Գյումրիի 102-րդ ռազմաբազայից ազատվում է 18 մարդ։ Ավետիսյանների սպանդի գործով ՀՀ եւ ՌԴ քննչական մարմինների կողմից հարցաքննվում է է 4228 մարդ։ Նրանցից 500-ին հարցաքննում է հայկական կողմը, ավելի քան 3700-ին՝ ռուսական կողմը։

Մայիսի 14
Ստացված դատաբժշկական եւ գենետիկական փորձաքննությունները,  սենյակների դասավորությունից, արձակված կրակոցների ուղղությունից, նաեւ զենքի, հագուստի վրա հայտնաբերված ԴՆԹ-ից ելնելով, ապացուցում են, որ Գյումրիում Ավետիսյանների տանը բոլոր կրակոցներն արձակվել են մեկ անձի կողմից։ 

Օգոստոսի 3
Պերմյակովի գործը քննում է Երեւանի կայազորային զինվորական դատարանը։ Պերմյակովը մեղադրվում է դասալքության եւ զենք գողանալու մեջ։ «Սպանություն» հոդվածով գործով առանձին վարույթ է բացվում։ 

Օգոստոսի 12
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանն օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտում է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։

Գյումրիում ընթացող 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստում ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունում է դասալքության եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մասով ներկայացված մեղադրանքները։

Վալերի Պերմյակովը հարցաքննությունների ժամանակ պնդում է, որ շատ է կարոտել տունը եւ ցանկացել է վերադառնալ Չիտա, դրա համար էլ որոշել էր իր հերթապահության ժամանակ փախուստի դիմել, փող ու հագուստ ձեռք բերել ու հասնել ՌԴ:

Օգոստոսի 13
Ավետիսյանների սպանության քրեական գործը փոխանցվում է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Սեպտեմբերի 7
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պերմյակովին ՀՀ արդարադատության մարմիններին հանձնելու  համար։ 

Հոկտեմբերի 12
Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում Պերմյակովը մեղսունակ է ճանաչվում։

Հոկտեմբերի 16
Պերմյակովը հոգեբույժների հսկողության տակ է գտնվել անգամ բանակ զորակոչվելուց հետո։ Այս մասին հայտնել է  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝  ներկայացնելով դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:
Փորձաքննության համաձայն՝ Պերմյակովը ինֆանտիլ դեմք է։ Նրան հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով։  Ձերբակալվելուց հետո Պերմյակովի մոտ հայտնաբերել են նոթատետր, որում եղել է նամակ՝ ուղղված ծնողներին, որում նա հայտնում է, որ  այն, ինչ կատարվել է, ինքը չի արել, դա արել է իր միջի մարդը։ 

Հայաստանի քննչական կոմիտեն Պերմյակովին նոր մեղադրանք է ներկայացնում։ Ապացույցների առկայությամբ նրան  մեղադրանք է առաջադրվում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Նոյեմբերի 24
Հայաստանի Քննչական կոմիտե. Ավետիսյանների սպանությունն ուղեկցվել է ավազակությամբ։

Դեկտեմբերի 18
Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում,  մեկնարկում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։ 

Պարզվում է,  որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում միացել է սատանիստների էջին եւ պայմանագիր կնքել սատանայի հետ՝ խոստանալով մի քանի կին ու մի քանի տղամարդ զոհաբերել նրան:

Պերմյակովը հայտարարել է, որ գրառումն արել է «հենց այնպես»։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 18-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ