Այսօր` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում սկսվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Թուրքիայի արեւելյան նահանգներում հանրաքվեն սկսվել է  ժամը 7-ին եւ կտեւի մինչ 16:00, իսկ մնացած նահանգներում` սկսվել է 8:00-ին եւ կտեւի մինչ 17:00:

Թուրքիայում 49 մլն 446 հազար 369 ընտրող 151 հազար քվեատուփերի մոտ կարող է «այո» կամ «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Քվեարկությանը չմասնակցողների համար նախատեսված է տուգանք` 22 լիրայի (15 ԱՄՆ դոլար) չափով:

Այսօր Թուրքիայում ժամը 6:00-ից մինչ 24:00 արգելված է ալկոհոլային խմիչքներ վաճառելը եւ օգտագործելը: Բոլոր զվարճանքի վայրերը փակ են լինելու: Մինչեւ ժամը 18:00 բոլոր տիպի լրատվամիջոցներով արգելված է ժողովրդի քվեարկության մասին տվյալ, գուշակություն կամ մեկնաբանություն հայտնելը:

Ողիղ 30 տարի առաջ այս օրը Թուրքիայում զինվորականությունը իրականացրեց ռազմական հեղաշրջում, որից 2 տարի անց ընդունվեց Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը, որը, ըստ իշխող կուսակցության, զինվորական Սահմանադրություն է եւ անհրաժեշտ է բարեփոխել:

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր 3 խմբակցություններն  էլ դեմ են այս բարեփոխումներին:  «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները կոչ են արել «ոչ» ասել: Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն իր համակիրներով բոյկոտելու է հանրաքվեն, քանի որ ըստ իրենց, բարեփոխումների փաթեթում ոչինչ չկա քրդական հարցի կարգավորման ուղղությամբ: