Գյումրիի Անիի թաղամասում բնակվող Երանոսյանների բնակարան փետրվարի 1-ին՝ կեսգիշերին մոտ ռուս զինծառայող է փորձել ներխուժել:
«Ժամը 11-ի կողմն էր, դռան զանգը տվեցին, ես գլազոկից նայեցի, տեսա՝ երիտասարդ ռուս զինվոր էր հարբած վիճակում: Անընդհատ խփում էր դռանը, ասում՝ «ատկռոյծե, ատկռոյծե», ռուչկեն էր պտտացնում, մտածում էր՝դուռը բաց կլինի: Ամուսինս ասեց՝ ինչ կուզես, հեռացիր, ասեց՝ պալիգոններից եմ եկել, տուն եմ եկել»,- NEWS.am-ին պատմեց ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Երանոսյանը՝ նշելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից հետո իրենք սովորաբար տան դուռը կողպում են:
Տիկին Ռուզաննան պատմեց, որ տղամարդը մոտ 40 րոպե մնացել է դռան մոտ, զանգահարել են ոստիկանություն, ոստիկանները եկել, ձերբակալել են նրան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգ ստացել են, դեպքի հանգամանքները պարզվում են:















