News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակներում:

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 106-ամյա Խաչիկ Պապիսյանն է։

Շրջելով հանդարտության մեջ ընկղմված Պտղունք գյուղի փողոցներով՝ մենք մոտենում ենք սպիտակ մի վագոնի։ Լքված եւ ամուր փակված՝ այն մոլորված կանգնած է ծուռ ճանապարհի վրա՝ սպասելով իր տիրոջը։ Դրա կողքին ձյունը հալվել է, եւ ցեխի միջից երեւում է անցյալ տարվա կանաչ խոտը։ (ֆոտոռեպորտաժ)

- Սա պապայի վագոնն է։ Նա այստեղ փեթակներ էր պահում,- մեր հետաքրքրությունը նկատելով՝ ասում է Արաքսյան եւ մեզ տանում դրա հետեւում գտնվող տունը։

 

Զգուշորեն շեմից ներս մտնելով, ասես վախենալով խախտել ինչ-որ մեկի անդորրը, մենք հետեւում ենք նրան՝ ընթացքում ուսումնասիրելով տան իրերի դասավորությունը։

Փայտե կահույք, հայացք գամող հին շքեղ ջահեր, ծաղկանախշ առաստաղներ. տունը կառուցել են մեծ սիրով եւ մեծ ընտանիքի համար, սակայն այսօր այն դատարկ է։

- Այստեղ պետք է ալբոմներ լինեն,- ասում է Արաքսյան՝ մեզ հրավիրելով հյուրասենյակ։ Մենք այնտեղ գտնում ենք կարմիր կտորով երեսպատված մի քանի աթոռ, սպիտակ սփռոցով կլոր սեղան, որի վրա դրված են ալբոմները եւ դեկորատիվ ծաղիկներով հախճապակե ծաղկամանը։ Կիսադատարկ սպասքապահարանում նկատում ենք սպիտակամազ մի կնոջ լուսանկար։ Մի քանի վայրկյանից Արաքսյան կասի, որ դա տան տիրուհին է՝ իր մայր Գոհար Գյոզալյանը։

Խաչիկ Պապիսյանը ծնվել է 1910թ. սեպտեմբերի 13-ին Մուսա լեռան ստորոտին ընկած Քաբուսիե գյուղում։ Նա ընտանիքի 4-րդ երեխան էր եւ Հակոբի ու Մարիի ընտանիքի միակ արու զավակը։ Ավագ երեխաներն էին երկվորյակ դուստրեր Ազատուհին ու Իսկուհին, իսկ միջնեկը՝ Մաքրուհին։ 
Համագյուղացիների մեծ մասի նման Հակոբը զբաղվում էր հողագործությամբ եւ անասնաբուծությամբ։ Մարին տնտեսությունն էր վարում եւ խնամում երեխաներին։

- Մարի տատիկս ասում էր, որ հայրս գեղեցիկ է եղել։ Բարձրահասակ, տեսքով՝ նա նախանձելի փեսացու էր շրջանի բոլոր հարսնացուների համար,- պատմում է Գոհարը։

Հակոբ Պապիսյանը

1939թ.Թուրքիայի իշխանությունների կողմից հարկերը մեծացնելու եւ հալածանքներն ուժեղացնելու պատճառով Հակոբ Պապիսյանը հավաքում է ընտանիքը եւ մեկնում լիբանանյան Անջար քաղաք։ Այնտեղ մեկ տարի անց ծանոթանում եւ ամուսնանում են Խաչիկն ու Գոհարը։ Վերջինիս ծնողները նույնպես Մուսա լեռից էին։

1942թ. ծնվում է երիտասարդ զույգի դուստրը՝ Մարին, իսկ 4 տարի անց՝ Արաքսյան։

Խաչիկ Պապիսյանը մոր՝ Մարիի, կնոջ՝ Գոհարի, երեք դուստրերի եւ որդու՝ Հակոբի հետ 

- Հակոբ պապս շատ էր կարոտում հայրենի գյուղը եւ չէր կորցնում այնտեղ վերադառնալու հույսը։ Բայց 8 տարի Անջարում ապրելով՝ նա հավանաբար հասկացավ, որ արդեն ոչինչ չի փոխվի, եւ հոր հետ նրանք որոշում են տեղափոխվել Արեւելյան Հայաստան։ 1947թ. Պապիսյանները ժամանակավորապես հաստատվեցին Էջմիածնում, իսկ հետո տեղափոխվեցին Պտղունք, տուն կառուցեցին եւ հոգու խորքում թաքցնելով ցավն ու կարոտը՝ նոր կյանք սկսեցին՝ մաքուր էջից։

- Հիմա հեշտ է ասել, բայց մենք երբեմն ծանր ենք տանքում, երբ մեզ համար կարեւոր բան ենք կորցնում։ Իսկ պատկերացրեք, թե ինչ է զգում մարդը, որը ստիպված է լքել իր տունը, խաղողի այգին, պապերի գերեզմանները եւ կորցրել վերադառնալու հնարավորությունը...- դառնությամբ ասում է Արաքսյան՝ դասավորելով լուսանկարները։

1949թ. մահանում է Հակոբ Պապիսյանը։ Մարին ամուսնուց 26 տարի երկար ապրեց եւ մահացավ 1957թ.։

Գոհարն ու Խաչիկը ունենում են եւս 3 դուստր՝ Աննան, Կարինեն, Արփին, եւ մեկ որդի, որին պապի պատվին կոչում են Հակոբ։

Լքելով Պապիսյանների օջախը՝ մենք գնում ենք Արաքսյայի տուն։

- Հայրս հիմա ինձ մոտ է ապրում, բայց ամեն օր հետս վիճում է, ուզում է իր տուն գնալ,- ժպտում է նա։

Երբ մենք ներս մտանք, Խաչիկ պապը նստած էր բազկաթոռին։ Մտքերից սթափվելով՝ նա վեր կացավ եւ բարձրաձայն ներկայացավ. 

- Պապիսյան Խաչիկ։

Նա այլեւս ոչ մի բառ չասաց։

- 1990-ական թթ.ծնողներս Հակոբի հետ մեկնում են ԱՄՆ,- շարունակում է Արաքսյան։

Նման հեռավոր ճանապարհորդության պատճառը Հակոբի առողջական վիճակն էր։ Լոս Անջելեսում ապրելով 7 տարի՝ Խաչիկն ու Մարին վերադառնում են Պտղունք։

- Մայրս ծանր հիվանդացավ։ Կյանքի վերջին օրերը նա ցանկանում եր Հայաստանում անցկացնել, եւ հայրս պաշտպանեց նրա որոշումը,- ասում է Արաքսյան։ Նրա խոսքով՝ Խաչիկը կնոջ անկողնուց չէր հեռանում եւ մինչեւ վերջին րոպեն ձեռքը բռնած էր պահում։

Գոհարը մահացավ 1997թ.։

Գոհար Գյոզալյանը և Խաչիկ Պապիսյնանը

- Մորս մահից հետո հայրս շատ ընկճվեց,- նշում է Արաքսյան՝ նայելով հոր կողմը։

Խաչիկը չցանկացավ վերադառնալ ԱՄՆ։

«Որտեղ կինս, այնտեղ էլ ես»,- պատասխանեց նա հերթական հորդորներին։ Կնոջից մնացած մանուշակագույն շալը Խաչիկ պապը միշտ մոտն է պահում։

- Մայրս այն իր ձեռքերով էր գործել,- պարզաբանում է Արաքսյան։

Քաբուսիեն լքած Պապիսյանների երբեմնի մեծ ընտանիքից այսօր ողջ է միայն Խաչիկը։

Պապն ունի 17 թոռ եւ 26 ծոռ։ Նրանցից ավագը՝ Հակոբի որդին, կրում է իր անունը՝ ի նշան Պապիսյանների ընտանիքի պատմության շարունակության։

ձախից աջ՝ ավագ թոռը Խաչիկը հարսնացուի հետ, Խաչիկ Պապիսյնանն ու որդին՝ Հակոբը

Խաչիկ Պապիսյանն ու նրա դուստր Արաքսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ