News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցի քննարկման արդյունքում որեւէ որոշում չի կայացվել: Այս մասին ԱԺ-ում Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Կա ընթացակարգ, մենք առաջնորդվում ենք ընթացակարգով: Քննարկումներն, ըստ էության շարունակելու ենք, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին: Քանի դեռ որեւէ հարցի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել, ոչ հանժնաժողովի նախագահը, ոչ էլ անդամներն իրավունք չունեն որեւէ մեկնաբանություն տալ»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք որոշման կայացմանը չի՞ խանգարում Շուշան Պետրոսյանի ՀՀԿ-ական լինելը, Հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Ոչ, մենք առաջնորդվում ենք ընթացակարգով»:

Նշենք, որ Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ Շուշան Պետրոսյանը, ով սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Փոխարենը նիստին ներկա չէր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում էր ներկայացրել` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

Նշենք նաեւ, որ Էթիկայի հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաեւ մի շարք պատգամավորների՝ այլոց փոխարեն քվեարկելու հարցը, որի վերաբերյալ եւս որոշում չի կայացվել:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:

Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:

Տպել
Ամենաշատ