Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին երեք անձի փոխարեն քվեարկած 59-ամյա Վարդանուշ Աթեյանին մեղավոր ճանաչեց՝ տուգանելով նրան 500 000 ՀՀ դրամով։
Վարդանուշ Աթեյանը, որը նախորդ դատական նիստին լիովին ընդունել էր իր մեղքը, վերջն խոսքով դատարանից խնդրեց մեղմ պատիժ սահմանել, քանի որ ամուսինը հիվանդ է, ինքն էլ զղջում է։
Իսկ Աթեյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանը իր պաշտպանական ճառում բերեց մեղմացուցիչ այլ հանգամանքներ եւս՝ մասնավորապես, որ իր պաշտպանյալն ընդունել է իր մեղավորությունը, նախկինում դատապրտված չի եղել, եւ ունի ընտանիք, տան միակ աշխատողն է, խնամքին է հիվանդ ամուսինը։
Ժաննա Կոտիկյանը նշեց, որ դատարանը պետք է 500 000 դրամը չգերազանցող տուգանք սահմանի, մինչդեռ մեղադրող դատախազը, հաշվի առնելով վերոնշյալ մեղմացուցիչ հանգամանքները, միջնորդել էր Վարդանուշ Աթեյանին մեղավոր ճանաչել՝ տուգանելով 600 000 դրամով։
Դատավճռի հրապարակումից հետո Աթեյանը զերծ մնաց մեկնաբանություններից, փոխարենը՝ նրա պաշտպան Ժաննա Կոտիկյանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը չի գիտակցել իր արարքի հետեւանքները, եւ այլեւս նման բան չի անի։
«Արարքի կատարման պահին հետեւանքները այդքան լավ չի պատկերացրել, բայց հիմա, երբ նա հասկացավ, որ անկախ նրանից՝ սկզբունք է, թե ցանկություն, կատարել է քրեորեն պատժելի արարք, ուրեմն պետք է պատասխան տա օրենքի առաջ։ Այս հարցի լուծումից հետո, կարծում եմ, երբեք այլեւս նման բան չի անի»,-ասաց պաշտպանը։
Ժաննա Կոտիկյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Վարդանուշ Կոտիկյանը որեւէ կուսակցության չի հարում, պարզապես շատ է հավանել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, այդ պատճառով էլ քվեարկել է ուրիշի փոխարեն։
«Նա կուսակցական չէ, որեւէ կուսակցություն առ այսօր որեւէ հարցում նրան չի ընդառաջել, ու օժանդակել։ Ես չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն կվճարի նրա համար նախատեսված պատիժ-տուգանքը, իսկ ինքը եթե միանվագ էլ չկարողանա վճարել, ապա մաս-մաս պետք է վճարի»,-ասաց նա։
Նշենք, որ 59-ամյա Վարդանուշ Աթեյանը մեղադրվում էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ։ Վերջինը, լինելով ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ, համատիրության կառավարիչ, Ռաֆայելյանների ընտանիքի 3 անդամ ընտրություններին չեն գալու, նրանց փոխարեն «այո» Էր քվեարկել։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։




























