«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանի ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ՝ պահանջելով միջազգային պատժամիջոցներ կիրառել  ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Փրկության ճակատի անդամները ԵՄ հայաստանյան գրասենյակ հանձնեցին Ամանորի գիշերը ձերբակալված  Գեւորգ Սաֆարյանի կալանավորման վերաբերյալ FIDH եւ Human Rights Watch-ի գնահատականները:

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  ԵՄ-ն որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմքի վրա ստեղծված կառույց, պետք է չհամագործակցի ՀՀ իշխանությունների հետ եւ միջազգային պատժամիջոցներ կիրառի Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ընդունելով նամակը, նշեց, որ իրենք կծանոթանան նամակի բովանդակությանը եւ կարձագանքեն:

Նշենք, որ Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության փետրվարի 15-ին մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը:

Դատարանի որոշումը դժգոհություն էր առաջացրել Գեւորգ Սաֆարյանի` դատարանի առջեւ հավաքված համախոհների շրջանում, նրանք ձվեր էին նետել դատարանի շենքի վրա: Գեւորգ Սաֆարյանին սատարող մի քանի տասնյակ քաղաքացիներ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի շենքի մոտից շարժվել էին ԵԽԽՎ գրասենյակ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: