Հանրային գերակա շահ ճանաչված՝ Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն  անակնկալներ է խոստանում սեփականատիրոջ դեմ օտարման հայց ներկայացրած ընկերությանն  ու դատարանին:

Հայցի վերսկսված քննությանն այսօր՝ փետրվարի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որպես դրան ուղղված առաջին քայլ փաստաբանը միջնորդեց նոր փորձաքննությամբ վերանայել տարածքի համար տրվող փոխատուցման չափը:

«Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության վտարնման մասին օրենքը նմանատիպ դատավարությունների համար մի միջանցք է թողել, որ կարող ենք աշխատել: Մենք իրավասու չենք վիճարկել գերակա շահի առկայությունը կամ բացակայությունը: Կարող ենք քննարկել միայն փոխհատուցման չափը, այդ պատճառով էլ նման միջնորդություն արեցինք: Բայց այդ չափը մեզ չի հետաքրքրում, մեր նպատակն այն է, որ տարածքը չհանձնվի: Թե ինչ եղանակներով կփորձենք հասնել մեր նպատակին, հիմա չենք բացահայտի, բայց բավական հետաքրքիր սյուրպրիզներ ունենք դատարանի ու մյուս կողմի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանը:

Սեփականատեր Ժիրայր Ավանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա պարզապես անհրաժեշտ փուլ է, որի միջով պետք է անցնեն իրենք ու փոխհատուցման չափից անկախ իր վերջանական որոշումը լինելու է այն, որ տարածքը չեն հանձնելու:

«Ես հետաքրքրված չեմ վաճառելով, փոխհատուցման չափն ինձ չի հետաքրքրում, 18 տարվա կյանք եմ դրել դրա մեջ: Սա ուղղակի դատավարական էտապ է, թե չէ ես դատարանում վեր կկենայի, կասեի, չեմ տալու տարածքը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ դատարանը հետաձգեց նոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ  փաստաբանի միջնորդությունը:

Նշենք, որ 2008 թ. օգոստոսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, սակայն, առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի՝ տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել: