Ռուսաստանցիների մեծ մասը պատրաստ չէ քաղաքական մակարդակով ռուս-թուրքական շփումների վերականգնմանը, իսկ 1/3-ը պահանջում է առհասարակ դադարեցնել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ցանկացած տիպի շփում։ Նման տվյալներ է ներկայացրել հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը։
Սոցիոլոգների հարցին, թե ինչ քաղաքականության պետք է վարի Կրեմլը ապագայում, հարցվածների 35 տոկոսը ընտրել է ամբողջական խզում տարբերակը, եւս 33 տոկոսը դեմ չէ սոցիալական եւ տնտեսական ոլորտներում համագործակցությանը, սակայն կարծում է, որ քաղաքական մակարդակով հակասությունները պետք է շարունակվեն։
Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները ռուսաստանցիները ներկայումս բացասական են գնահատում։ Նրանց 23 տոկոսը դրանք թշնամական են համարում, 47 տոկոսը՝ լարված, 14 տոկոսը՝ սառը։ Այդ հարաբերությունները բարիդրացիական կամ բարեկամական է համարում միայն յուրաքանչյուր 100-րդ հարցվածը։
Ռուսաստանցիների մոտ կեսը պնդում է, որ երկկողմ հարաբերությունները միայն լարվում են, իսկ յուրաքանչյուր երրորդը որեւէ փոփոխություն չի տեսնում։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացել էին Թուրքիայի ԶՈւ կողմից Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչը խոցելուց հետո։





























