News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 106-ամյա Արաքսի Ենգոյանն է։

Ոտքը կոտրելուց հետո Արաքսի Ենգոյանը «Շեկ մատուռ» չի մտել։ Արամուս գյուղի բնակիչներն այդպես են անվանում կարմիր տուֆից պատրաստված ժամատունը։

Փոքր սրբապատկերներով նեղ շինությունը թաքնվել է Ենգոյանների տան բակի ամենախուլ վայրում։ Դրա պատմությունն այնքան բացեր եւ հարցականներ ունի, որքան Արաքսիի կյանքը։

Արաքսի Ենգոյանը ծնվել է 1910թ. մարտի 8-ին Կարսի մարզի գյուղերից մեկում։ Մոր անունն նա արդեն չի հիշում, հոր անունը Պետրոս էր։ Արաքսին տան միակ երեխան է եղել։

Ողջ կյանքում նա հիշում է, թե ինչպիսի քնքշությամբ եւ գորովանքով են իրեն վերաբերվել իր ծնողները։

Հայրենի հողից հարկադիր փախուստի պատմությունը Արաքսին միայն պատառիկներով է հիշում։

Դա տեղի էր ունեցել 1910-ական թթ.։ Փրկվելով թուրքերի անմարդկային դաժանությունից՝ Պետրոսը կնոջ եւ 5-ամյա Արաքսիի հետ գաղտնի լքում է տունը եւ դատարկ ձեռքերով փախչում Արեւելյան Հայաստան, պատմում է տատիկի հարսը՝ Աիդան։

Հայտնվելով Լենինականում՝ Պետրոսը, Արաքսիին սովից փրկելու այլ ելք չունենալով, նրան հանձնում է ամերիկյան որբանոց։

Հիշելով վաղ անցյալը՝ տատը հաճախ ժողովրդական մի երգ է երգում. «Արազն անցա էն կուռը»։

-Սկեսուրս 2 անգամ ամուսնացած է եղել,- շարունակում է Աիդան,- առաջին ամուսինը Երկրորդ համաշխարհային պատերազմից չի վերադարձել։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է հետպատերազմական ժամանակաշրջանում այրի Հմայակ Ենգոյանի հետ։ Նա Բեզաքլու գյուղից էր, ներկայումս՝ Սարանիստ։

Որոշ ժամանակ անց Ենգոյանները տեղափոխվում են Գեղաշեն, հետո՝ Արամուս, որտեղ հող են  գնում եւ սկսում են տուն կառուցել։ 1956թ. ընտանիքում արու զավակ է ծնվում։ Երեխային անվանում են Խաչիկ։ Շուտով ծնվում է նաեւ նրա քույրը՝ Համեստը։

Ընտանիքին կերակրելու համար Հմայակը մեղվաբուծությամբ է զբաղվում, Արաքսին աշխատանքի է անցնում կոլխոզում։

- Սկեսուրս շատ աշխատասեր եւ պատասխանատու կին է։ Ո՛չ քուն ունի, ո՛չ դադար։ Նրան անգամ Մոսկվա էին ուղարկել որպես լավագույն աշխատողներից մեկի։

Լուսանկարում փոքրիկ տղան Խաչիկ Ենգոյանն է

- Ո՞նց եք ծանոթացել նրա որդու՝ Խաչիկի հետ։

- Դա հետաքրքիր պատմություն է։ Երբ սկեսուրս եւ սկեսրայրս տեղափոխվեցին Արամուս, նրանք հող գնեցին իմ Լիպարիտ պապից։ Այդպես էլ մեր ընտանիքները ծանոթացան։

Դրանից հետո Արաքսին ընկերացել էր Աիդայի մոր՝ Լուսիկի հետ, որը նույնպես կոլխոզում էր աշխատում։ Մի անգամ Արաքսին զրույցի ժամանակ ասում է. «Մենք ձեր հողը առանք, Խաչիկի համար հարսնացու էլ ձեր ցեղից կգտնենք»։

Խաչիկը ոչինչ չգիտեր այդ խոսակցության մասին, սակայն արդեն հավանում էր Աիդային։

- Մենք հարեւաններ էինք։ Հաճախ էինք փողոցում հանդիպում։

Մի անգամ Խաչիկը գալիս է տուն եւ ասում, որ հարսնացու է ընտրել եւ ուզում է խնդրել նրա ձեռքը։ Իմանալով այն մասին, որ Լուսիկի աղջիկը հենց տղայի հավանած աղջիկն է, Արաքսին շատ է ուրախանում։

1978թ. Խաչիկն ու Աիդան ամուսնանում են։

- Տեսնում եք, ինչպես ստացվեց։ Ես եկա տունը, որը կառուցվել էր Լիպարիտ պապիս հողի վրա։ Դա ճակատագիր է։

Աիդա Գրիգորյան եւ Խաչիկ Ենգոյան

1979թ. երիտասարդ ծնողները որդի են ունենում: Նրան կոչում են պապի անունով՝ Հմայակ: Նրանից հետո ծնված աղջկան կնքում են Արաքսի անունով: Տան կրտսեր երեխան Արմինեն է, ով լույս աշխարհ էր եկել 1982թ.:

Թոռները՝ Արաքսին եւ Հմայակը

Շուտով Աիդայի հայրը՝ Նորիկը, ծանր հիվանդանում է: Մի օր նա երազ է տեսնում, թե ինչպես է մատուռ կառուցում իր հոր՝ Լիպարիտի հողի վրա: Հողն արդեն Ենգոյաններին էր պատկանում, սակայն իմանալով հրաշատեսիլ երազի մասին, նրանք հաճույքով համաձայնում են կառուցել այն:

Ավելին՝ ինքը՝ Հմայակը Ենգոյանը, ակտիվորեն մասնակցում է դրա կառուցման աշխատանքներին: Մի քանի տարի անց՝ 1985թ., նա հեռանում է կյանքից:

Արաքսին շատ ժամանակ էր անցկացնում մատուռում։ Այնտեղ՝ միայնության մեջ Սուրբ Աստվածածնի պատկերի առաջ, նա դիմում էր Աստծուն՝ խնդրելով երեխաներին հեռու պահել փորձանքից։

Մի անգամ գիշերը, չկարողանալով պայքարել անքնության դեմ, արդեն ոչ երիտասարդ կինը դուրս էր եկել անկողնուց եւ մթության մեջ սայթաքելով՝ ընկել ու կոտրել ոտքը։ Վնասվածքից հետո Արաքսին այդպես էլ չապաքինվեց։ Գամված մնալով անկողնուն՝ նա այլեւս չի կարողանում մատուռ մտնել։

2011թ. Խաչիկը հանկարծամահ է լինում։ Շատ սիրելի որդու մահը մեծապես ազդում է Արաքսիի առողջական վիճակի վրա։ Վերջին տարիների միակ ուրախությունը նրա համար ծոռներն են։

Առավոտները նրանք վազում են Արաքսիի սենյակ եւ մանկական անհոգությամբ հացնում. «Ո՞նց ես, տատի՛»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ