Հայտնի են դարձել դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:
Ռուստամյանի խոսքով, ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը կոչվելու է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»:
Հարցին, թե մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի ծրագի՞րն է իրականացնելու, թե՞ համատեղ նոր ծրագիր է մշակվելու, Ռուստամյանն արձագանքեց. «Այդ մասին մանրամասն նկարագրված է համաձայնագրի մեջ: Բոլոր ձեզ հուզող հարցերի պատասխանները կկարդաք այդ փաստաթղթի մեջ, որից հետո կխոսենք: Ես մինչեւ փաստաթղթի հրապարակվելը չեմ կարող որեւէ բան ասել»:
Իսկ հնարավո՞ր է՝ կադրային փոփոխություններ տեղի ունենան այդ նախարարություններում հարցին էլ, պատասխանեց. «Փոխնախարարների հարցը չի քննարկվել, այն ինչ քննարկվում է, մենք դրա մասին խոսել ենք, բայց ամեն ինչ վերջնական տեքստում պարզ կլինի: Ամեն ինչ գրված է փաստաթղթում եւ դրանից են բխելու մեր գործողությունները»:
Ռուստամյանը նշեց նաեւ, որ այդ փաստաթղթում տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը համարում են հրատապ եւ պետք է լուծվեն համատեղ ջանքերով:





























