Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում փետրվարի 18-ին մահացած հայտնաբերված 31-ամյա Կառլեն Ակունցի հոր դին տարիներ առաջ գտել էին տանը՝ կրկին առանց բռնության հետքերի։ Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի տատի հարեւանուհին՝ չցանկանալով հրապարակել իր անունը։

Կնոջ պատմելով՝ Կառլենի ծնողները բաժանվել էին հոր արատավոր սովորությունների պատճառով։

Կառլենի մայրը որդու մահվան մասին իմացել է նրա ընկերներից։

«Եկել են, ասել են, Կառլենչիկին սպանել են։ Մեկն ասեց՝ ավտոյի տակ ա ընկել, մեկն ասեց, սիրտն ա կանգնել, բայց ջահել տղա ա, ի՞նչ սիրտ, հոր նման էղավ էլի»,-ասաց հարեւանուհին։

Կնոջ խոսքով՝ Կառլենը ամուսնացած չէր, մոր միակ զավակն էր,  ժամանակ առ ժամանակ մեկնում էր Մոսկվա, թե այնտեղ ինչով է զբաղվել, սակայն, չէր բացահայտում։

«Հարցնում էինք, ասում էր՝ խառը, տարբեր բաներ եմ անում»,-ասաց կինը։

Կառլենի պապը եւ մայրը, ըստ կնոջ, հայտնի բժիշկներ են։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում փետրվարի 18-ին Հայտնաբերվել է Երեւանի 31-ամյա բնակիչ Կառլեն Ակունցի դին։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։