Պետրոս Ադամյան փողոցի 14/5 հասցեի հողաշեն տան բնակիչներն ահազանգում են, որ փրկարարներն առավոտյան եկել, սահմանազատել են տան փլվող հատվածն ու հեռացել, բայց տունը շարունակում է փլվել:
«Առավոտ 7-ից փլվում ա: Անձրեւը խփում ա հողե պատի վրա ու տունը շարունակում է փլվել: Իսկ իրանք եկան, նայեցին, գնացին: Թել են կպցրել, բայց սա Հայաստանն ա, ով ա նայում կապած թելին, պոկել են, ավտոները գնում, գալիս են: Կփլվի տունը առաջին հարկի ապրողների ու անցնող ավտոները վրա շուտով: Հիմա պիտի փլվուզվի ամբողջ տունը, նո՞ր մի բան անեն»,- վրդովված ասաց տեղի բնակիչներից մեկը, որ ահազանգել էր NEWS.am-ին:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 20-ին՝ ժամը 07.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1930թ.) երկրորդ հարկի (պատկանում է Մ. Խ.-ին) արտաքին պատից (երկշերտ) մոտ 8 քմ հատված եւ թափվել մայթին, տան հատակին առկա է ճկվածք՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:





























