Քաղաքացիներն ահազանգում են, որ Երեւանում ապամոնտաժում են Ամիրյան 2 հասցեում գտվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը` ֆասադը: Քաղաքացիները, որ համոզված են` ապամոնտաժումն ապօրինի է, այսօր` փետրվարի 20-ին, հավաքվել էին շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել այն:
«Այս շենքը գրանցված է պատմամշակութային հուշարձանների շարքում, ուստի դրա քանդումն ապօրինի է: Դիմեցինք քաղաքապետարան, նրանց ներկայացուցիչն ասաց, որ շինարարական ընկերությանը ֆասադային հատվածի քանդման թույլտվություն չի տրվել, ուստի դա ապօրինի է եւ պետք է վերահսկողություն սահմանվի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստներից Սեդա Գրիգորյանը:
Սեդա Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիները դիմել են նաեւ ոստիկանություն` պահանջելով քայլեր ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար, ինչից հետո աշխատանքները դադարել են: Սակայն մինչ այդ ֆասադի որոշ քարեր արդեն հանվել են:
Նշենք, որ 2009թ. ապամոնտաժվել է գրադարանի շենքը, իսկ ճակատային հատվածը պահպանվել է որպես մշակութային արժեք:































