Ի պաշտպանություն կալանավորված Գեւորգ Սաֆարյանի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի 15 համակիրներ գիշերել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, NEWS.am-ին հայտնեց ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ գիշերը հանգիստ է անցել, որեւէ միջադեպ չի գրանցվել:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մեկօրյա ակցիան կավարտվի այսօր երեկոյան:

«Այսօր մինչեւ 8-ը կմնանք: Խաղաղ ցույց ենք անցկացնում, տեղում հերթապահում են ոստիկանները»,-ասաց Գագիկ Եղիազարյանը:

Նշենք, որ «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» մեկօրյա ակցիան մեկնարկել էր փետրվարի 22-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: