Շան տղա ըլնեմ, թե լսում եմ հայհոյանք, հորս արեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:
«Իմ ընկերը պաշտպանելու կարիք չունի: Ես նման բան չեմ անի, բայց ինքն էլ չի հայհոյել: Ձեր «կոլեգիաներից» էլ հարցրի, ասեցին, որ չի հայհոյել»,-ասաց նա:
Լրագրողներն Ալեքսանյանին առաջարկեցին հենց տեղում եւս մեկ անգամ լսել տեսագրությունը: ՀՀԿ-ական պատգամավորը ականջակալներով լսեց այն ապա հայտարարեց. «Շան տղա ըլնեմ, թե լսում եմ հայհոյանք, հորս արեւ: Իրոք, շատ տղա ըլնեմ, չեմ լսում, ինչ ասեմ: Պըտի գնամ ականջներս նայեմ, լուրջ, լավ չեմ լսում: Տունն էլ, որ հեռուստացույցը միացնում եմ, բարձր եմ դնում: Ես ասել եմ, որ եթե իմ ընկերը հայհոյած լիներ, ես պատրաստ եմ իր տեղը ներողություն խնդրել, բայց չկա նման բան: Ինձ թվում է՝ դուք էլ չեք լսում, բայց ձեզ թեմա է պետք»:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
Բացի այդ, լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչ են արել իշխանություններին հորդորել Մհեր Սեդրակյանին վայր դնել մանդատը:
Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել:











