Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորում է լրագրողներին օգտագործել իրենց մեծ զենքը՝ խոսափողը, պատգամավորների կողմից հայհոյանքներին արժանանալու դեպքերը կանխելու նպատակով (ֆոտոռեպորտաժ):
«Դուք ունեք խոսափող՝ մեծ զենք է: Մամուլը ձեր ձեռքին է, դրանից լավ գործիք ո՞վ ունի, դրանից մեծ զենք աշխարհում էլ ի՞նչ կա, դրեք-օգտագործեք»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին ասաց Արամ Մանուկյանը, որը միացել է, ԱԺ-ում իրենց նախիր անվանած ու հայհոյած պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատժելու պահանջով Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա եւ ստորագրահավաք անցկացնող լրագրողներին:
Արամ Մանուկյանը նշեց, որ լրագրողների ակցիան լավ չի կազմակերպված, իրազեկման խնդիր կա: «Պետք է ավելանաք, սա վատ կազմակերպված ակցիա է, լավ չէր իրազեկված: Պետք է ուժեղանաք, ձեր պաշտպանողները կշատանան»,-լրագրողներից ասաց ՀԱԿ պատգամավորը:
Լրագրողների ակցիային միացած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է լրագրողների՝ իրենց իրավունքները պաշտպանելու այս նախաձեռնության առնչությամբ՝ հավելելով, որ այդ գործում նրանք կարող են մշտապես հույս դնել իր վրա:
«Մենք պետք է ուշադիր լինենք լրագրողների իրավունքների նկատմամբ: Իհարկե, միշտ չէ, որ լրագրողների հարցերը հաճելի են քաղաքական գործիչներին՝ լինեն նրանք ընդդիմադիր, թե ոչ: Մենք պետք է հասկանանք, որ լրագրողները տալիս են մեզ հարցեր, որոնք հետաքրքրում են հանրությանը, իսկ հանրությանը հետաքրքրող հարցերին պատասխանելը մեր ուղիղ պարտականությունն է: Ես ուրախ եմ, որ Հայաստանի լրագրողական համայնքը հետեւողական հայտարարում է, որ իր իրավունքների տեր է, եւ շարունակում է պաշտպանել դրանք: Այդ գործում կարող եք մշտապես հույս դնել իմ վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ լրագրողների ակցիային միացել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյան, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ քաղաքացիական ակտիվիստներ:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
.jpg)
.jpg)












