News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ապրիլի 17-ին համայնքապետի ընտրություններ են, որը, թերեւս այս անգամ էլ թեկնածուների առատությամբ չի առանաձնանա:

Հանրապետական կուսակցության անդամ Սերյոժա Հայրապետյանը, որն արդեն 17 տարի է՝ համայնքապետ է, NEWS.am-ի հետ զրույցում նշեց,  որ խնձորեսկցիներն այնքան էլ ակտիվ չեն համայնքապետի ընտրություններում առաջադրվելիս:

«Եղել են դեպքեր, որ երկու թեկնածու ենք եղել, եղել է, որ միակ թեկնածուն ես եմ եղել»,- ասաց նա:

Սերյոժա Հայրապետյանի խոսքով՝ ինքն այս տարի էլ է առաջադրելու իր թեկնածությունը:  Համայնքապետը թեեւ ընտրություններում իր ուժերը գնահատեց բավարար, այնուամենայնիվ, նշեց, որ ինքն է քաջատեղյակ գյուղի խնդիրներին եւ կարծում է, որ այս անգամ էլ կհաղթի:

«Ես դրանց լուծման ձեւերն էլ գիտեմ` ինչը որտեղից: Ինձ թվում է`կստացվի»,- ասաց նա:

Գյուղապետի հավաստմամբ, Խնձորեսկում քիչ չեն լուծման կարոտ խնդիրները` խմելու եւ ոռոգման ջրի ներքին ցանցի, կենտրոնացված կոյուղու համակարգի անցկացման, երկրորդական փողոցների վերանորոգման, գյուղմթերքի իրացման խնդիրներ:

Սերյոժա Հայրապետյանի խոսքով, քիչ չեն նաեւ իր ղեկավարման 17 տարիներին Խնձորեսկում լուծված խնդիրները:

«Խմելու ջրի ներքին ցանցն ընդհանրապես գոյություն չուներ, այժմ մոտ 60 տոկոսը կա, մնացած 40 տոկոսի հարցը կլուծենք այս տարի: Ոռոգման ջրի ցանցը մոտ 50 տոկոսով լուծել ենք, 2.5 կմ միջհամայնքային ճանապարհն ենք ասֆալտապատել, մանկապարտեզի, երաժշտական դպրոցի վերանորոգումն ենք արել»,- նշեց նա:

Ըստ համայնքապետի՝ 48 մլն դրամ տարեկան բյուջե ունեցող Խնձորեսկում միայն 40 մլն-ը  ծախսվում է  գյուղապետարանի, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան, թանգարանի` թվով 42 աշխատողների աշխատավարձերի վրա:

Մնացած 8 մլն-ով էլ 2240 բնակիչ ունեցող Խնձորեսկում լուծվում են այլ հարցեր.

«Գիշերային լուսավորության 50 լամպ ունենք, դրա գումարն ենք տրամադրում, տրանսպորտային ծախսեր ենք անում, մանկապարտեզին կամ երաժշտական դպրոցին անհրաժեշտ գույքային խնդիրներ ենք լուծում տարվա ընթացքում» ,- ասաց Սերյոժա Հայրապետյանը:

Թե համայնքապետի ընտրություններում քանի թեկնածու կառաջադրվի, դեռեւս հայտնի չէ:

Տպել
Ամենաշատ